Ընթացիկ իրանական տարվա առաջին 10 ամիսների ընթացքում իրանցի սահմանապահները կանխել են ահաբեկչական 7 խմբերի ներթափանցումը երկիր: Այս մասին ասել է իրանական սահմանապահ զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Հուսեյն Զոլֆագարին՝ փոխանցում է Fars լրատվական գործակալությունը:
Զոլֆագարին նշել է, որ վերջին օպերացիաներից մեկն իրականացվել է անցած շաբաթ, երբ սահմանին բախման հետևանքով սահմանապահները ստիպված են եղել ահաբեկիչների ուղղությամբ կրակ բացել:
Նրա խոսքով՝ պայթուցիկ բաճկոններով երկու ահաբեկիչներ փորձել են հատել սահմանը, սակայն սահմանապահների հետ զինված ընդհարումից հետո փախել են Պակիստան:
Սահմանային ոստիկանությունը հաշվետու ժամանակաշրջանում առգրավել է 24 մլն լիտր վառելիք և շուրջ 90 մլն տոննա թմրանյութ:
Զոլֆագարիի խոսքով՝ անցած տարվա համեմատ այս տարի սահմանային ոստիկանությունը առգրավել է 69 տոկոսով ավելի վառելիք, 82 տոկոսով ավելի թմրանյութ և 50 տոկոսով ավելի ալկոհոլային խմիչք:









































