«Սերժ Սարգսյանին ձեռնտու է, որ մյուս թեկնածուները նույնպես որոշակի թվով ձայներ հավաքեն՝ պատկեր ստեղծելու համար: Չեմ հավատում, որ մնացած թեկնածուները իսկապես հավակնում են նախագահ դառնալ: Այդպես միշտ է լինում՝ եթե հիշենք 2008-ը, ապա այն ժամանակ էլ միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն էին ուզում նախագահ դառնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Մնացածը միայն ուզում են լուսաբանվել կամ ճանապարհ հարթել իրենց հետագա քաղաքական գործունեության համար: Նրանք դա անում են ամենատարբեր ձևերով՝ ամենասովորական քարոզարշավներից մինչև էկզոտիկ հացադուլ»:
Քաղաքագետի կարծիքով` եթե ինչ-որ արտակարգ իրավիճակ չլինի, Սերժ Սարգսյանը առաջին փուլով էլ կհաղթի. «Այս ընտրությունների ֆավորիտներն են Րաֆֆի Հովհաննիսյանը, որն ունի կուսակցություն՝ տեխնիկական հնարավորություններով, Հրանտ Բագրատյանը, ով նունյպես ժողովրդի մեջ լայն ճանաչում ունի, Պարույր Հայրիկյանը նույնպես ականջին լսելի անուն է և կարող է որոշակի ձայների հույս ունենալ, բայց, ամեն դեպքում, ընտրությունների ելքը կարծում եմ` կանխորոշված է»:
Բանախոսը չի կարծում, որ ընտրություններից առաջ բոլոր թեկնածուները ինքնաբացարկ կհայտնեն. «Իհարկե, առանձին մարդիկ վստահաբար կհանեն իրենց թեկնածությունը, բայց կլինեն մարդիկ, որոնք մինչև վերջ էլ կպայքարեն»:









































