Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարար Լին Ֆեզերսթոունը Խարթումին և Ջուբային խոստացել է ներկայացնել պատմական փաստաթղթեր և քարտեզներ, որոնք կապված են 1956թ. Սուդանի ձեռք բերված անկախությանը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Մեծ Բրիտանիան կներակայացնի տեխնիկական փաստաթղթեր՝ Սուդանի և Հարավային Սուդանի միջև բանակցային գործընթացին աջակցելու համար»,-հայտարարել է Ֆեզերսթոունը Սուդան կատարած եռօրյա այցից հետո:
Նախարարի խոսքերով՝ Սուդանի և Հարավային Սուդանի կառավարությունները խնդրել են իրեն ներկայացնել բոլոր քարտեզները և պատմական փաստաթղթերը, որոնք կապված են 1956թ. Սուդանի ձեռք բերված անկախությանը և սահմաններին:
Նշենք, որ 1899-1956թթ. Սուդանը գտնվել է եգիպտա-բրիտանական մանդատի ներքո: 2011թ. Հարավային Սուդանն առանձնացավ Սուդանից և դարձավ անկախ պետություն, սակայն մինչ այժմ երկու երկրների միջև սահման հաստատված չէ՝ միջսահմանային տարածքային վեճերի պատճառով:
Սուդանի և Հարավային Սուդանի միջև հարաբերությունները դառնալու են այս շաբաթ կայանալիք Աֆրիկյան միության գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը:









































