Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ նախագահական ընտրություններին տեղի է ունենալու այն, ինչ պետք է տեղի ունենար: Նա նշեց, որ երբ քաղաքական դաշտ եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը, ընդդիմադիր դաշտը կորցրեց այլընտրանքային թեկնածու ունենալու հնարավորությունը: Նա նշեց, որ ՀԱԿ ստեղծողները շատ լավ հասկանում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ չի գալու իշխանության: Բայց երկրորդ անգամ աշխարհում ոչ ոք չի կարողացել հետ պտտեցնել պատմության անիվը:
Նրա խոսքով` դաշտը մնաց ամուրի. եթե իշխող կուսակցությունը կարողացավ պառակտել ՀԱԿ-ը, ուրեմն փառք ու պատիվ իշխող կուսակցությանը:
Նա նշեց, որ այդպես էլ ազգային ազատական արժեքների և ազգային գաղափարների շուրջ երկու-երեք գաղափար չձևավորվեց, թեև հիմա մենք ունենք տասնյակ կուսակցություններ, տասնյակ լիդերներ, տասնյակ անհայտ թեկնածուներ:
Արմեն Մազմանյանը դիմեց Հրանտ Բագրատյանին` որպես առաջադրված թեկնածուի. «Պարոն Բագրատյան, Ձեր կառավարման օրոք ձու չէինք ուտում, որովհետև դուք ասում էիք` երկու ձուն վնաս է առողջությանը, մեկ հատ կերեք, երբ քարտով հաց էինք առնում, ինչո՞ւ թվերը այսպես չէիք հաշվում»:
Ըստ նրա` Բագրատյանի ծրագիրը բյուջեի տնտեսագիտական հաշվարկ է, ոչ թե ծրագիր: Նա նշեց, որ հիմա պատերազմով են արդարացնում իրենց տնտեսական տապալումները:
«Հիմա կասեն` պետականամետ եմ: Ազգային ժողովի ընտրության ժամանակ բոլոր կուսակցությունները ընտրակաշառքի մեխանիզմից օգտվեցին, այս անգամ չի լինի դա: Հասարակությունը միգուցե 40 տոկոսով չի մասնակցի, բայց կլինեն օբյեկտիվ ընտրություններ»,- ասաց Ա. Մազմանյանը:
Արմեն Մազմանյանի խոսքով` դաշտում կան մարդիկ, ովքեր իրավունք ունեն ներկայանալու որպես թեկնածուներ, այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը, որոնք ունեն կենսագրություն, բարոյական նկարագիր:
Ամենաառաջնայինը, ըստ նրա, իրական ազգային ֆունդամենտալ ռազմավարական ծրագրի ստեղծումն է, իսկ եթե դա չունենք, մեր օրենքները տարերային են, կառավարության որոշումները` նույնպես:
Նա նշեց, որ պետք է հարց բարձրացնենք`ի՞նչ պետություն ենք մենք, ինչպե՞ս ենք մեր վաղը տեսնում: Նրա համար ընդունելի են ազգային լիբերալ պահպանողական գաղափարներն առաջ տանող կուսակցությւոնները:
«Այսինքն`եթե մենք ինտեգրվում ենք, մեր ազգայինը մեզ համար պետք է առաջնային լինի»,- ասաց նա` հավելելով, որ եթե աշխարհն ասում է` հոմոսեքսուալիստը մարդ է, մենք հոմոսեքսուալիստ կուսակցություն չենք կարող ստեղծել:
Հասարակության 35-40 տոկոսը ձայն կտա Սերժ Սարգսյանին` վստահ է Արմեն Մազմանյանը, թեև նա նշեց, որ ատամնաբույժները և անշարժ գույքի շուկայում աշխատողները ձայն չեն տա, և սա անհաջող քայլ էր իշխանությունների կողմից` գոնե սպասեին և ընտրություններից հետո կատարեին այդ քայլերը:







































