Թուրքիայում դատարանը պահանջել է արգելափակել Twitter-ի անանուն օգտահաշիվը, որտեղ հաղորդվում էր բարձրաստիճան պետական ծառայողների ու քաղաքական գործիչների լրտեսման ու ապօրինի գաղտնալսման մեջ կասկածվողներին ձերբակալելու ծրագրերի մասին: Այս մասին գրում է BBC-ն:
Անանուն օգտատերը հայտնել է սպասվող ձերբակալությունների մասին մինչ որևէ պաշտոնական տեղեկության ի հայտ գալը: Մասնավորապես՝ նա Twitter-ում հայտնել է երեքշաբթի օրը 24 մարդու ձերբակալման մասին, որոնց կասկածում են լրտեսության և բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսման մեջ մինչ ձերբակալության վերաբերյալ որոշումը:
Դատախազները հայտարարում են, որ փորձում են պարզել՝ ով է այդ օգտահաշվի փոսթերի հեղինակը: Անանուն օգտատերն իր գրառումներում հաճախ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանում:









































