Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները Գյումրիի գործով համատեղ շտաբ ստեղծելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել։
Ինչպես «Ազատությանը» փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը Ավետիսյանների ընտանիքի գործով քննության ընթացքում երկու երկրների փոխգործակցությունը համակարգող շտաբ ստեղծելու մասին հուշագիրը ստորագրել են Գյումրիում՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահի այցի ավարտին։
Բաստրիկինը Գյումրիից վերադարձել է Ռուսաստան։
Քննչական կոմիտեների ղեկավարների հանդիպման ավարտից հետո պատասխանելով հարցին, թե արդյոք հայ քննիչները հարցաքննե՞լ են Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ կասկածվով ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին, Սոնատ Տռուզյանը ասել է, որ այդ մասին ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի։ Նա նաև հավելել է, որ հայկական կողմը իր քննչական գործողությունները շարունակում է։







































