Հունվարի 21-ին Բեռլինում տեղի կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ հանդիման ժամանակ Մերկելը պետք է պահանջի Ալիևից ազատ արձակել ձերբակալված իրավապաշտպաններին և Ադրբեջանի իշխանությունների այլ քննադատներին: Այս մասին գրում է Turan գործակալությունը` վկայակոչեկով Human Rights Watch կազմակերպությանը:
Նախատեսվում է, որ Մերկելը և Ալիևը կքննարկեն երկկողմանի հարաբերությունները, էներգետիկայի և այլ ոլորտներին առնչվող հարցեր:
«Մերկելը չպետք է բաց թողի հնարավորությունը և հրապարակայնորեն պետք է կոչ անի Իլհամ Ալիևին դադարեցնելու քաղաքացիական հասարակության ճնշումը»,- նշել է Եվրոպայի և Ասիայի գծով կազմակերպության տնօրեն Հյու Վիլյամսոնը:
«Կառավարությունը քննադատողների մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, և Մերկելը պետք է փորձի հասնել նրանց ազատարձակմանը: Նա պետք է հստակ ասի, որ Գերմանիան իր պաշտոնական պատվիրակությունը չի ուղարկի Բաքու` Եվրոպական խաղերին, եթե իրավապաշտպաններն ու ակտիվիստները ազատ արձակված չլինեն»,- նշել է Վիլյամսոնը:
Նշվում են նաև այն անձանց անունները, որոնց մասին պետք է խոսի Մերկելը` Լեյլա Յունուս, Արիֆ Յունուս, Ռասուլ Ջաֆարով, Ինթիգհամ Ալիև, Հադիջա Իսմայիլովա, Անար Մամեդլի, Իլգար Մամեդով:









































