Չորեքշաբթի Հորդանանում ավարտվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները և սկսվել է ձայների հաշվարկման գործընթացը: Քվեարկության վերջնական արդյունքները պարզ կդառնան այսօր՝ օրվա երկրորդ կեսից հետո:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի նախագահ Աբդել Իլահ Ալ-Խատիբին, ընտրություններում մասնակցությունը կազմել է 56.5%: Գրանցված 2 միլիոն 272 հազար 182 ընտրողներից քվեարկել է 1 միլիոն 287 հազար 760 ընտրող: Սա վկայում է այն մասին, որ իսլամիստների կողմից հայտարարված բոյկոտն աջակցություն չի գտել բնակչության մեծ մասի կողմից:
«Թագավորությունում տեղ են ունենում մեծ փոփոխություններ: Եվ պետությունը, որը ես ստացել եմ իմ հորից, տարբերվելու է նրանից, որ կժառանգի իմ որդին»,- ընտրությունների նախօրեին հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը: Վերջինիս կինը՝ Ռանիյա թագուհին, Twitter-ի միկրոբլոգում գրել է. «Սա հիանալի օր է, որը Հորդանանին խոստանում է լավ ապագա»: Ավանդույթի համաձայն՝ միապետը և նրա ընտանիքը չեն մասնակցել ընտրություններին:
Եվրամիության դիտորդների ղեկավար Դևիդ Մարտինը իր հայտարարության մեջ նշել է, որ 12 մարզերում քվեարկության ժամանակ էական խախտումներ չեն գրանցվել:
Ամմանում Հորդանանի վարչապետ Աբդալլահ Ալ-Նուսուրը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելն ազգային պարտք է. ոչ ոք չպետք է վճարի քաղաքական տարաձայնությունների համար:
Ընդդիմության առաջնորդներն իրենց հերթին կարծում են, որ ապագա խորհրդարանը չի ունենա որևէ քաղաքական կշիռ: Նրանց խոսքերով՝ իսլամիստները չեն ձգտում տապալել թագավորական վարչակարգը, այլ ձգտում են, որ երկրի օրենսդիր մարմինն մասնակցություն ունենա պետական գործերին:
«Ալ-Քուդս» հետազոտման կենտրոնը, վերլուծելով քվեարկության արդյունքները, եկել է այն եզրահանգման, որ արտահերթ ընտրությունները էական կերպով չեն փոխել ներքին քաղաքական ստատուս-քվոն և իշխանությունների ու մուսուլման եղբայրների միջև հակամարտությունը:









































