Իրաքի նախկին փոխվարչապետ Տարիկ Ազիզը՝ Սադամ Հուսեյնի զինակիցը, մահապարտների խցում տառապում է դեպրեսիայով և անհամբեր սպասում է մահապատժի շուտափույթ իրականացմանը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Բադիե Արիֆը:
Փաստաբանի խոսքով՝ հավատքով քրիստոնյա Ազիզը ցանկանում է խնդրել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ին, որպեսզի վերջինս կոչ անի իրաքյան իշխանություններին իրեն անհապաղ մահապատժի ենթարկել, քանի որ մահը նախընտրում է խցի անիմաստ կյանքից: Այս մասին հայտնում է АР գործակալությունը:
2010 թվականին Իրաքի դատարանը Տարիկ Ազիզին մեղավոր է ճանաչել բազմաթիվ սպանությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ և նրան դատապարտել մահապատժի: Վատիկանն ու եվրոպական երկրները Իրաքի իշխանություններին կոչ էին արել չիրականացնել մահապատիժը, և նախագահ Ջալալ Թալաբանին չէր հաստատել պատիժը:
2011-ի դեկտեմբերին, սակայն, հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ Ազիզին մահապատժի կենթարկեն 2012-ի սկզբին, սակայն պաշտոնական Բաղդադը հերքել է այդ տեղեկությունը: Տեղեկություն էր հայտնվել նաև այն մասին, որ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:










































