«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը
– Տիկին Սարգսյան, ինչպես ասել էիք, այսօր Դուք մասնակցելո՞ւ եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին:
– Իրեն հարգող յուրաքանչյուր մարդ, առավելևս քաղաքական գործիչ, եթե մի բանի մասին հայտարարում է, բնականաբար պետք է տեր կանգնի այդ ասածին: Վերջին հաշվով, ես կարևորում եմ մեր համատեղ աշխատանքը: Ես համարում եմ, որ երեք քաղաքական ուժերը, մենք բոլորս փորձում ենք շարժումը մի քայլ առաջ տանել և ինքնակազմակերպել: Այդ ճանապարհին ԲՀԿ-ի կամ Գ.Ծառուկյանի նախաձեռնությունն ինձ համար շարժման առաջընթացին նպաստող մի նոր գործոն է, որին մենք, կարծում եմ, պետք է մասնակցեինք: Եվ բնականաբար, Վերակազմյալ ՍԴՀԿ վարչությունը ողջունել է այդ որոշումը, և մենք պիտի մասնակցենք: Եռյակի մյուս թևերիցեթե լինեն այլ միջոցառումներ, մենք դրանց նույնպես պատրաստ ենք մասնակցել:
– Դուք ինքնե՞րդ եք դիմել մասնակցելու համար, թե՞ ձեզ հրավիրել են:
– Իհարկե, չեմ դիմել: Ինձ հրավիրել են, և նորմալ եմ համարում, որ պիտի հրավիրեին: Նախ՝ մենք ՀԱԿ խմբակցությամբ համագործակցում ենք ԲՀԿ խմբակցության հետ, և, վերջին հաշվով, ՎՍԴՀԿ-ն բավականին կայուն արտահայտված կուսակցություն է, որի մասնակցությունը, կարծում եմ, վերջինը չէ, որ պիտի լիներ այդ համաժողովում:
– ՀԱԿ-ը չի՞ մասնակցելու այդ խորհրդաժողովին:
– Ես ավելին չեմ կարող ասել, քան թե հայտարարել է ՀԱԿ-ը: Բայց ես այստեղ որպես խմբակցության անդամ չեմ ներկայանոմ: Մասնակցելու եմ որպես արտախորհրդարանական քաղաքական ուժի ղեկավար:
– Այդ դեպքում խնդիր չի՞ լինի ՀԱԿ-ի հետ, չէ՞ որ նույն խմբակցության անդամ եք: Ճիշտ չէ՞ր լինի վարվել այնպես, ինչպես ՀԱԿ-ն էր որոշել:
– ՀԱԿ-ը շատ առողջ քաղաքական ուժ է և գործընթացների մեջ ամենահիմնական դերակատարներից է: Մենք ՀԱԿ-ի բարեկամ կուսակցություն ենք, և չեմ կարծում, որ այս դեպքում որևէ հակասություն կարող է լինել: Սա կուսակցական և ոչ թե խմբակցությունների միջոցառում է: Իսկ ես ՀԱԿ խմբակցության անդամ լինելով՝ առաջնորդվում եմ ՀԱԿ խմբակցության շահերով: Տվյալ դեպքում կուսակցությունների միջոցառումներին մեր մասնակցությունը չեմ կարծում, կամ ավելի քան վստահ եմ, որ որևիցե կերպ չի կարող խաթարել մեր միասնական աշխատանքի արդյունավետությունը:
– Իսկ ի՞նչ ակնկալիք ունեք Գ.Ծառուկյանի հրավիրած այդ խորհրդաժողովից:
– Չեմ կարող ասել, թե վերջնական արդյունքն ինչ կլինի, բայց կարծում եմ, որ այնտեղ տեսակետներ կհնչեն, իմի կբերվեն տեսակետները, մոտեցումները, գնահատականները, նաև՝ մեր քայլերի հաջորդականությունը, որոնք մոտ ապագայում եռյակն արդեն կարող է քննարկել և հստակեցնել:
– Կարծիք կա, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակահարմար չի համարել մասնակցել մի միջոցառման, որինգուցե հավասար իրավունքով կարող են մասնակցել, օրինակ, Տիգրան Կարապետյանը, Արամ Հարությունյանը, և չի ցանկանում արտախորհրդարանական որևէ այլ մարդ-կուսակցությունների հետ հավասար հարթակում լինել: Այդ պատճառով էլ չի մասնակցում:
– Տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց ես չեմ կարող ՀԱԿ-ի փոխարեն այդ հարցին պատասխանել:
– Այնուամենայնիվ չե՞ք կարծում, որ նման մասնակցության պարագայում Լ.Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ-ի դեպքում ճիշտ է այդ խորհրդաժողովին չմասնակցելը:
– Ես նորմալ եմ համարում նաև ՀԱԿ-ի չմասնակցելը: Ամեն դեպքում այդ մասով ոչինչ չեմ կարող ասել: Եսկարծում եմ նաև, որ Լ.Տեր-Պետրոսյանի մեծությունն իր քաղաքական, պետական կառավարման անցյալով, այո, կարող է և չմասնակցել: Նույնիսկ կարծում եմ, որ, պետք չէ, որ մասնակցի:
– Նաև կարծիք կա, որ Գ.Ծառուկյանն այդպիսով փորձում է ոչիշխանական դաշտում իրեն առաջնորդ ներկայացնել:
– Ես դրան համամիտ չեմ, որովհետև շարժումն ունի երեք առաջնորդ, երկուսը՝ շատ ավելի ընդգծված: Եվ կարծում եմ, որ համախմբումը տեղի է ունենում հենց այն հանգամանքի արդյունքում, որ այս շարժման մեջ կան երկու-երեք արտահայտված լիդերներ, որոնք ունակ են գործընթացները առաջ տանել, մեր երկրի առաջ կանգնած խնդիրներն իմի բերել և լուծումներ առաջարկել: Եթե դա հնարավոր լիներ մենակ անել, ապա դա միայնակ կաներ Լ.Տեր-Պետրոսյանը, կամ միայնակ կաներ Գ.Ծառուկյանը:
– Երկու ընդգծված լիդեր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք:
– Կարծում եմ, որ կարիք չկա լրացուցիչ անգամ ընդգծել. երկու-երեք լիդերներ կան: Նախևառաջ՝ Լ.Տեր-Պետրոսյանը, Գ.Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
– Երբեմն նաև կարծիքներ են հնչում, թե Գ.Ծառուկյանն իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ ոչիշխանական դաշտ մտնելով՝ փորձում է իր ազդեցության տակ պահել այդ դաշտը, որպեսզի ընդդիմությունն ավելի ինքնուրույն և վերահսկողությունից դուրս չլինի:
– Ես այդ կարծիքին նույնպես համամիտ չեմ, իսկ շարժումն ունի բազմաթիվ թշնամիներ: Եվ իշխանությունների կողմից ուղղորդված քաղաքական գործիչները, կուսակցություններն ամեն ինչ պիտի անեն շարժումը վարկաբեկելու համար: Ու քանի որ Գ.Ծառուկյանը որպես քաղաքական գործիչ, որպես մարդ լինելով մեծահարուստ՝ միացել է շարժմանը, փորձելու են ամեն կերպ վարկաբեկել և փաստարկել, թե իբր գործարարը չի կարող առաջնորդվել ազգային շահերով և մտահոգ լինել երկրում ստեղծված իրավիճակով: Բայց ես կարծում եմ, որ Գ.Ծառուկյանը մտահոգ է այնքանով, ինչքանով մենք ենք մտահոգ, եթե ոչ ավելին, որովհետև ինչ-որ բան փոխելու և շարժման մեջ իր հստակ դերակատարությունն ավելացնելու նրա հնարավորությունները շատ ավելի մեծ են:








































