«Նախ՝ ինքը հաշվարկել գիտի, տեսավ, որ ընտրություններին մասնակցելը հերթական քաղաքական ապտակը կլինի, և այնտեղ կան տարբեր՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Երկրորդը՝ ինքը հայտարարեց, որ խորհրդակցում է աշխարհի գերտերությունների ղեկավարների հետ՝ նրանց «դաբրոն» ստանալու համար»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը՝ իր կարծիքը հայտնելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին:
Թերթի դիտարկմանը, որ Տեր-Պետրոսյանը հումորով էր խոսել գերտերությունների աջակցության մասին, Գառնիկ Մարգարյանը պատասխանել է. «Գիտեք, ամեն հումորի տակ ճշմարտություն կա: Ես կասեի այսպես՝ Մարտի 1-ի դեպքերից հետո իր ասած «աշխարհի տերերը» Լևոն Տեր-Պետրոսյանին թողեցին միայնակ»: Վերջինս, խոսելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի մրցակից թեկնածուների մասին, նշել է, որ 1996-ից ի վեր ռեժիմը մշտապես ամեն ինչ արել է վերարտադրվե¬լու համար, և ոչ մի թեկնածու ի վիճակի չէ իր անձնական, խարիզմատիկ, ինտելեկտուալ պոտենցիալով պայքարել այդ ռեժիմի դեմ: Գառնիկ Մարգարյանը նաև կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանն՝ ինքը, մի քանի օր առաջ տված հարցազրույցում «գովերգել է» այդ թեկնածուներին:
Թերթի թղթակիցը հետաքրքրվել է՝ այսինքն՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը չի սատարի նույնիսկ ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի՞ թեկնածությանը, ինչին Գառնիկ Մարգարյանը պատասխանել է այսպես. «Մենք մինչ Հրանտ Բագրատյանի առաջադրվելը որոշում ենք կայացրել, որ չենք սատարելու ոչ ոքի, և այդպես մեր որոշումը մնում է ուժի մեջ»:









































