Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ստրասբուրգում հունվարյան նստաշրջանում ընդունել է 2008 թ. Հարավային Օսիայում ու Աբխազիայում ռուս-վրացական ռազմական կոնֆլիկտի հումանիտար հետևանքների մասին բանաձև: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Վրաստան ու Ռուսաստան. հումանիտար իրավիճակն այն տարածքներում, որոնք տուժել են ռազմական գործողություններից» անվանվող փաստաղթում, որը պատրաստվել է Շվեդիայից պատգամավոր Թինա Ակետոֆտի զեկույցի հիման վրա, և որը նախապես վրդովել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանը, պարունակվում են կոնկրետ առաջարկներ՝ ուղղված հակամարտության բոլոր մասնակիցներին։ Այդ հակամարտության հետևանքով Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստանից առանձնացան ու անկախություն հռչակեցին։
Մասնավորապես, Վեհաժողովի բանաձևում ՌԴ իշխանություններին առաջարկվում է «ջանքեր գործադրել լուծելու բազմաթիվ փախստականներին բնակարանով ապահովելու կրիտիկական վիճակը, ու առաջին հերթին նրանց, ովքեր փախստական են դարձել Վրաստանում 1990-ականների սկզբի ու 2008 թ օգոստոսի կոնֆլիկտի հետևանքով:
Դրա համար ռուսական իշխանությունները պետք է «ամբողջությամբ օգտագործեն դաշնային, մարզային ու միջազգային ֆինանսավորումը, ինչպես դա նախատեսված էր ավելի վաղ ներքին տեղահանվածների մասին ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևով»:
Բացի դրանից՝ փաստաթղթում ԵԽԽՎ-ն կոչ է անում Մոսկվային «օրինականացնել նրանց կարգավիճակը, ովքեր Ռուսաստան են փախել Վրաստանի նախորդ կոնֆլիկտների հետևանքով (անցած դարավերջին)։
Վրաստանի իշխանություններն իրենց հերթին պետք է «բարձր աստիճանով կենտրոնանան ներքին տեղահանվածների համար գոյության բավականաչափ միջոցների ապահովման վրա ու թույլ չտան, որ նրանց նոր բնակավայրերը դառնան գետտո ներքին տեղահանվածների համար»։
Այդ հարցով անհանգստություն հայտնելով՝ եվրախորհրդարանականները փաստում են, որ «Վրաստանում վերջերս կատարված քաղաքական փոփոխությունները բոլոր կողմերի համար դուռ են բացում այդ հարցի շուրջ երկխոսության համար»:
Ընդ որում՝ Վեհաժողովը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին կոչ է անում «արագացնել «Վրատանն ընդդեմ Ռուսաստանի» միջպետական դատի լսումները»:
Բանաձևում նշվում է Հարավային Օսիայում ու Աբխազիայում ռազմական ներկայության ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմերը:
Եվրախորհրդարանականները նաև անհանգստություն են հայտնում այն առնչությամբ, որ շատ փախստականներ իրենց ժամանակավոր բնակության վայրում չեն կարողանում մայրենի լեզվով կրթություն ստանալ:







































