Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը ստիպում է մարդկանց իրենց ապերջանիկ զգալ և ատել կյանքը: Նման եզրակացության են եկել Հումբոլդտի անվան Բեռլինի համալսարանի և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի գիտնականները: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Ինչպես ասվում է հետազոտությունում, դիտելով իրենց ճանապարհորդող ընկերների լուսանկարներն ու կարդալով նրանց երջանիկ կարգավիճակները` մարդիկ սկսում են նախանձ զգալ և դադարում են կյանքից հաճույք ստանալ:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սոցցանցում քիչ ժամանակ անցկացնող մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում: Հարցմանը մասնակցել է 357 մարդ, որոնց մեծ մասը գերմանական բուհերի ուսանողներ են:
Հարցվածներից յուրաքանչյուր երրորդը խոստովանել է, որ Facebook-ի օգտատերերի էջերը դիտելով՝ իրենց մոտ նախանձի զգացում է առաջացել:
Վերլուծաբանները օգտատերերին խորհուրդ են տալիս քիչ ժամանակ անցկացնել սոցցանցում կամ արգելափակել առավել ակտիվ և հետաքրքիր կենսակերպ վարող որոշակի օգտատերերի մասին նորությունների հոսքը:








































