Երեկ Գյումրիում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Հունվարի 12-ին քաղաքում տեղի ունեցած սպանդի քննության, այսպես ասած, իրավական ենթակայության ընթացքից և ընդհանրապես ոճրագործության փաստից առանց այդ էլ վրդովված ու զայրացած գյումրեցիները բողոքի զանգվածային ինքնաբուխ ակցիա են իրականացրել քաղաքում և շարժվել դեպի Գյումրիի ռուսական ռազմակայան, որտեղ ներկայացրել են հանցագործ՝ 6 հոգանոց ընտանիքը գնդակահարած ռուս զինծառայող Պերմյակովին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու պահանջ:
Այս իրադարձությունը գյումրեցիների արժանապատվության դրսևորումն է, որ նրանք ցուցաբերել են քաղաքացիական միանշանակ դիրքորոշմամբ և հաստատակամությամբ: Եվ երևի թե հենց այդ դրսևորումն է, որ ստիպեց Հայաստանի իշխանություններին որոշակի գոնե հայտարարությունների մակարդակով արժանապատվություն ցուցաբերել նախօրեի այն նվաստացուցիչ հայտարարություններից հետո, որ արվում էին հղումներ անելով ռուսական Սահմանադրությանն ու ասելով, որ ըստ այդ Սահմանադրության` հանցագործության մեջ կասկածվող զինծառայողին Ռուսաստանը չի պատրաստվում հանձնել Հայաստանին:
Երեկ, Գյումրիում տեղի ունեցած զանգվածային բողոքի աննախադեպ ակցիայից հետո, Երևանում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությունից հետո հայտարարել է, որ այսօր առավոտյան ժամը 10-ին կլինի Գյումրիում և ամեն ինչ մանրամասն կներկայացնի գյումրեցիներին: Կոստանյանը նաև հայտարարել է, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս հայտարարությունները ակնհայտորեն հանդիսանում են գյումրեցիների զայրույթը և ցասումը մեղմելու միջոց: Միաժամանակ սա, իհարկե, երեկվա ակցիայի արդյունք է, սակայն գյումրեցիները պետք է թույլ չտան, որպեսզի այդ արդյունքը ի վերջո վերածվի խաբեության և փափուկ բարձի:
Նրանք երեկ վերջնաժամկետ են տվել հայաստանյան իրավապահներին, որպեսզի հանցագործը անցնի Հայաստանի Հանրապետության իրավական ենթակայության տակ: ժամկետը լրանում է այսօր ժամը 17-ին: Ինչպիսին կլինեն զարգացումները` մենք կիմանանք մի քանի ժամից: Մեղմ ասած, քիչ հավանական է, որ ռուսական կողմը գնա այնպիսի զիջման, որ որոշի հանձնել զինծառայողին Հայաստանի իրավապահների ենթակայությանը: Այս պայմաններում ամեն ինչ կախված է, իհարկե, գյումրեցիների հետևողականությունից և հաստատակամությունից:
Ավանդաբար, այսպես ասած, ռուսամետ քաղաք համարվող Գյումրին երեկ ցույց տվեց, որ արժանապատվության քաղաք է: Գյումրեցիները իրենց և Հայաստանի պատիվը պաշտպանեցին: Սակայն խնդիրը ոչ միայն լուծված չէ, այլ ըստ էության դեռ նոր է հասունանում, և գյումրեցիների համար կարևոր է չնահանջել արժանապատիվ քաղաքացիական այն դիրքերից, որում հայտնվեցին երեկ: Եվ այստեղ նաև էական է, որ իր այդ պայքարում Գյումրին չպետք է մնա միայնակ: Սա միայն Գյումրիի խնդիրը չէ, սա ողջ Հայաստանի պատվի, արժանապատվության և պետականության հարցն է:
Ինչպես տեսնում ենք, այդ ամենը պաշտպանող իշխանություն Հայաստանում չկա, չկան նաև այդ ամենը պաշտպանելուն պատրաստ քաղաքական ուժեր, ինչի վկայությունը երեկ ՀԱԿ-ի հայտարարությունն էր, որտեղ ըստ էության ոչ մի խոսք չկա հանցագործության քննությունը ռուսական ենթակայությունից վերցնելու անհրաժեշտության մասին: Իշխանությունների և քաղաքական ուժերի նմանօրինակ պատկերի պարագայում հասարակությունը պետք է հույսը դնի իր վրա և ինքը փորձի պաշտպանել պետության արժանապատվությունն ու Հայաստանի Հանրապետության սպանված քաղաքացիների հիշատակը:










































