Բրիտանական ЕasyJet ավիաընկերության աշխատակիցները 4 ուղևորի խնդրել են իջնել օդանավից՝ դա բացատրելով 300 կգ գերբեռնվածությամբ։ Սրա պատճառ է հանդիսացել Airbus A319-ի ուղևորների մեջ տղամարդկանց «ճնշող մեծամասնությունը»։ Այս մասին հաղորդել է ЕasyJet-ը։
Լիվերպուլից Ժնև թռչող ինքնաթիռում եղել է 135 տղամարդ և 19 կին ուղևոր։ Ավիաանվտանգության եվրոպական ստանդարտների համաձայն՝ ուղևորների միջին քաշը հաշվարկվում է հետևյալ կերպ, տղամարդը՝ 88 կգ, կինը՝ 70 կգ, իսկ երեխան՝ 35 կգ։
Համացանցային ԶԼՄ-ները հաղորդել են, որ EasyJet-ի աշխատակիցները 150 դոլար են առաջարկել ցանկացած այն ուղևորին, ով կհամաձայնի հրաժարվել թռիչքից, սակայն ոչ ոք չի համաձայնել, և մնացած ուղևորները գումար են հավաքել և առաջարկել են կրկնապատկել նախապես «սահմանված» գումարը։ Չորս հոգի համաձայնել են լքել օդանավը և թռչել օրվա երկրորդ կեսի չվերթով։ Նրանցից յուրաքանչյուրը ստացել է 300 դոլար։









































