Ֆիլիպինների իշխանությունները որոշել են դատական կարգով ՉԺՀ-ից պահանջել Հարավչինական ծովում գտնվող տարածքները։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հունվարի 22-ին նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆիլիպինների արտգործնախարար Ալբերտ դել Ռոսարիոն: Նա նշել է, որ նույն օրը կանչել է երկրում Չինաստանի դեսպան Մա Կեցինին, որպեսզի հայտնի միջազգային միջնորդական դատարան դիմելու մասին:
Ռոսարիոյի խոսքերով՝ Ֆիլիպինների իշխանությունները խաղաղ բանակցություններ վարելու համար օգտագործել են բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցներն ու հնարավորությունները: Այժմ նրանք հույս ունեն հարցը լուծել ՄԱԿ-ի միջնորդական դատարանի միջոցով, որի դատավճիռը կընդունվի միջազգային հանրության կողմից: Այնտեղ Ֆիլիպինների ներկայացուցիչը կլինի երկրի գլխավոր դատախազ Ֆրանսիս Հարդելեզան:
Մանիլան մտադիր է ոչ միայն հետ պահանջել վիճելի տարածքները, այլ նաև Չինաստանից պահանջել դադարեցնել այդ տարածքներում «անօրինական գործողությունները», որոնք, ըստ իշխանությունների, խախտում են Ֆիլիպինների իրավունքները՝ ըստ ՄԱԿ-ի 1982թ. ծովային իրավունքների վերաբերյալ կոնվենցիայի:










































