2012թ. Իսպանիա է այցելել 57,7 մլն զբոսաշրջիկ, ինչը 2,7%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, ասվում է այսօր Իսպանիայի տուրիզմի հետազոտության ինստիտուտի (Frontur) զեկույցում:
Առավել մեծ թվով զբոսաշրջիկներ է (հոսքի 25%-ը) գրավել Կատալոնիան: Բացարձակ թվերով արտասահմանցիների թիվը, որոնք այցելել են ինքնավար մարզ, կազմել է ավելի քան 14 մլն:
Ինչպես նշում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իսպանական RTVE հեռուստաալիքին, ինստիտուտի տվյալները տարբերվում են վիճակագրությունից, որն ավելի վաղ ներկայացրել էր երկրի արդյունաբերության, էներգետիկայի ու զբոսաշրջության նախարար Խոսե Մանուել Սորիան: Նրա խոսքով՝ Իսպանիա անցած տարի ժամանել է 57,9 մլն արտասահմանցի:
Անցած տարի Իսպանիայում հանգիստն անցկացրած զբոսաշրջիկների թվում գերակշռել են Մեծ Բրիտանիայի (ավելի քան 13 մլն), Գերմանիայի (ավելի քան 9 մլն) ու Ֆրանսիայի (գրեթե 9 մլն մարդ) քաղաքացիները:










































