Մինչ ԵԽԽՎ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնելը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը շաբաթ օրը նամակ է տարածել, որտեղ մեղադրանքներ է ներկայացրել ԵԽԽՎ դիտորդական առաքելության երկօրյա այցի արդյունքում հնչեցրած հայտարարության և բացասական գնահատականների առթիվ:
Ուշագրավն այն է, որ Դավիթ Հարությունյանը սպասել է դիտորդները գնան Հայաստանից, նոր է նման հուժկու հայտարարությամբ հանդես եկել: «Ես ցնցված եմ Հայաստանում ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության մամլո հաղորդագրության ձևից ու բովանդակությունից և պարտավորված զգացի անդրադառնալ այնտեղ առկա բոլոր երեք բացասական գնահատականներինե,- գրել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն ու հայտարարել, որ ԵԽԽՎ դիտորդների հայտարարության մեծ մասը արտատպված է Հայաստանում 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարոնուհի Նիկըլսընի գլխավորած պատվիրակության զեկույցից:
ԵԽ հայաստանյան գրասենյակից երեկ տեղեկացանք, որ ուրբաթ օրը ԵԽԽՎ դիտորդները մեկնել են Հայաստանից: ԵԽ քաղաքական և տեղեկատվական հարցերով պատասխանատու Տաթևիկ Մովսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դիտորդները կրկին Հայաստանում կլինեն ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Վերջիններս կանդրադառնա՞ն Դավիթ Հարությունյանի մեղադրանքներին, թե՞ ոչ՝ ԵԽ գրասենյակում չասացին: Փաստ է, որ ԵԽԽՎ-ում այդ մեղադրանքներին որևէ կերպ չեն անդրադարձել:
Թե ինչ է անելու այդ առթիվ ԵԽԽՎ մեկնած Դավիթ Հարությունյանը, դժվար է պատկերացնել: Նրա հետ խոսել երեկ չհաջողվեց. հեռախոսով մեզ պատասխանեցին, որ պարոն Հարությունյանը կիրակի օրը մեկնել է Հայաստանից:
Տպավորություն կա, որ Դավիթ Հարությունյանի հայտարարությունը ավելի շատ ներքին սպառման համար է, քան ԵԽԽՎ դիտորդներին «ահաբեկելուե: Չնայած որ ԵԽԽՎ-ից արձագանք չկա, հնարավոր է ՀՀԿ-ում բարձր գնահատվեն դիտորդների գնահատականներին հակադարձելու Հարությունյանի ջանքերը. գաղտնիք չէ, որ Դավիթ Հարությունյանը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի մարդը և ՀՀԿ-ում դժվար է ընկալվում որպես յուրային: Ավելի վաղ մեր հարցին, թե Դուք բավական ժամանակ համարվում էիք Ռոբերտ Քոչարյանի մարդը, Ձեզ լիովին վստահո՞ւմ է Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, Դավիթ Հարությունյանը պատասխանել էր. «Նախևառաջ ես համարում եմ, որ որևէ զարմանալի բան չկա, որ ժամանակին ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, հիմա աշխատում եմ Հանրապետական կուսակցության շրջանակներում: Այն ժամանակ ես անկուսակցական էի, հիմա դարձել եմ կուսակցական: Եվ պետք է ասեմ, որ ՀՀԿ-ի բարձրագույն մարմնի զգալի մասն աշխատել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, այդ թվում նաև` հանրապետության ներկայիս նախագահը: Այնպես որ, հարցադրումներ անել կասկածների մասին, կարծում եմ, տեղին չէ: …Վստահության լավագույն չափանիշն այն դերակատարումն է, որ ես այսօր ունեմ և կուսակցությունում, և ԱԺ-ում»:
Թերևս Դավիթ Հարությունյանը նպատակադրվել է յուրային դառնալ ՀՀԿ-ում և պատրաստ է ամեն գնով ապացուցել իր անձնուրաց նվիրվածությունը Սերժ Սարգսյանին` անգամ ԵԽԽՎ դիտորդների հետևից հայտարարություններ անելով և նրանց copy-paste-ի մեջ մեղադրելով:








































