Բրիտանական Guardian-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի արխիվների ուսումնասիրությունների հիման վրա մեղադրել է հռոմեա-կաթոլիկ եկեղեցուն Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում անշարժ գույքի գաղտնի տնօրինման մեջ, որոնք իբր թե ձեռք են բերվել Բենիտո Մուսոլինիի ֆաշիստական ռեժիմի գումարներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ի թիվս այլ անշարժ գույքերի՝ Սուրբ աթոռը Լոնդոնի Սենթ Ջեյմսի հրապարակում գրասենյակային շինություններ ունի, որոնք 23.8 մլն դոլարով մի շարք ընկերությունների միջոցով գնել է 2006 թվականին:
Պարբերականի ձեռք բերած տեղեկությունները խոսում են այն մասին, որ եկեղեցին անշարժ գույքը ձեռք է բերել եկեղեցու կողմից 1929 թվականին ֆաշիստական ռեժիմի ճանաչման դիմաց Մուսոլինիից ստացված գումարներով: Ինչպես գրում է Guardian-ը, ֆաշիստներից ստացված միջոցներով ներդրումներն այսօր Վատիկանին շուրջ 792.8 մլն դոլար են բերել:
Լոնդոնում Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Անտոնիո Մենինին հրաժարվել է մեկնաբանել թերթի տեղեկությունները:











































