«Հայաստանի հանրապետությունը փաստորեն ունի նորալլուկ նախագահի թեկնածու: Չկարծեք, թե խոսքը էպոսագետ Վարդան Սեդրակյանի կամ առաջին անգամ իր բաղձանքին հասած, և նախագահի թեկնածու դարձած Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է: Ոչ: ՀՀ նորալլուկ նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Այս օրերին քարոզարշավի մեկնարկին զուգընթաց բացվել է թեկնածու Սարգսյանի պաշտոնական կայքը՝ serzh-sargsyan.am: Եվ ուրեմն այս կայքում, որտեղ կան տարբեր բաժիններ, հետք անգամ չես գտնի այն բանի, որ նշյալ նախագահի թեկնածուն արդեն հինգ տարի զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը: Այստեղ, չհաշված կենսագրության մասին տեղեկանք պարունակող բաժինը, Սերժ Սարգսյանի կյանքն ու գործունեությունը սկսվում է անցած տարվա վերջին կայացած ՀՀԿ համագումարից, որտեղ կուսակցությունը Սարգսյանին պաշտոնապես առաջադրեց, որպես ՀՀ նախագահի թեկնածու, և նրա կողմից հնչեց նախընտրական ծրագրի նախագիծ հիշեցնող մի ելույթ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.
«Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ընտրողներին ներկայանալ զրոյական կետից, ջնջելով անցած հինգ տարիները, կարծես դրանք չեն էլ եղել: Կարծում եմ, ավելորդ է նշել, որ Սարգսյանը ծանրակշիռ պատճառներ է ունեցել այդպիսի որոշում կայացնելու համար, եթե լիներ գոնե մի ոլորտ, որտեղ Սարգսյանի նախագահության տարիներին փոքր-ինչ բարելավում է եղել, այն հաստատ տեղ կգտներ նշված կայքում: Ոչ միայն կայքում, այլև կհնչեր Սարգսյանի ողջ քարոզարշավի ընթացքում: Բայց տվյալ իրավիճակում, որպես նախագահի թեկնածու, քաղաքական կենսագրությունը ՀՀԿ տարեվերջյան համագումարից սկսելը միակ տարբերակն է. ահա ես կանգնած եմ ձեր առջև, առաջադրվում եմ, որպես թեկնածու և խոստանում եմ այ այսպիսի ապահով ու երջանիկ Հայաստան: Իսկ թե ինչ է կատարվել դրանից առաջ, այս պահին օրակարգից դուրս է, որովհետև հիմա ես ձեր առաջ կանգնած եմ, ոչ թե որպես հինգ տարի պաշտոնավարած նախագահ, այլ, որպես նորալլուկ նախագահի թեկնածու:
Բայց արի ու տես, որ կայքում այնուամենայնիվ բաժին կա, որը դուրս է նշված տրամաբանությունից: Սերժ Սարգսյանը և նրա թիմը ակնհայտորեն չեն դիմացել գայթակղությանը և կայքի «Լուսանկարներ» բաժնում զետեղել են նախագահի թեկնածուի լուսանկարները, օրինակ՝ Վլադիմիր Պուտինի, Բան կի Մունի, Ֆրանսուա Օլանդի, Նիկոլա Սարկոզիի հետ:
Բայց միշտ չէ, որ հնարավոր է ամեն ինչ զրոյից սկսել, կան բազում հարցեր, որոնք կախված են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած տարիների հետ, ու որքան էլ նրա սրտով չեն, անպատասխան մնալ չեն կարող: Եվ ահա, կայքում տեղ է զտել նաև երեկ «Ազատություն» ռ/կ-ին և «Անդին» ամսագրին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցները, որտեղ որքան հնարավոր է, մեղմորեն անդրադարձ կա նման խութ խնդիրներին: Հասարակությանը հուզող, նրանց կենսակերպին, հոգեբանական վիճակին առնչվող հարցերին Սերժ Սարգսյանի պատասխաններն էլ, որքան հնարավոր է, մակերեսային են, որոշ դեպքերում էլ՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող: Օրինակ, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին հարցին Սերժ Սարգսյանն ասում է. «Դուք ասում եք՝ իշխանությունները բռնություն գործադրեցին: Բայց արդյո՞ք միայն իշխանությունները բռնություն գործադրեցին: Իշխանությունների համար բնավ դա պետք չէր… Ես կարծում եմ, որ ողբերգությունը տեղի է ունեցել, որովհետև բոլորս էլ մեղավոր ենք»: Այս խոսքերը ոչ միայն իրականության քողարկված խեղաթյուրում են, այլև սազական են ցանկացած շարքային քաղաքացու, բայց ոչ երբեք հինգ տարի պաշտոնավարած և կրկին նախագահ դառնալու հայտ ներկայացրած մեկին:
Չէ, ոնց քցում-բռնում ես՝ Պուտինի ու Օլանդի հետ նկարներն ավելի լավ են»:









































