Թուրքիայում այսօր բողոքի ակցիաներ են անցկացվել՝ երկրում ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված հրթիռային համակարգերի տեղակայման հետ կապված: Ակցիաները տեղի են ունեցել Ստամբուլում և Իսկենդերունում, ուր այսօր ժամանել են Գերմանիայի և Նիդեռլանդների զենիթահրթիռային համակարգերը:
Ակտիվիստները հավաքվել են Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության առաջ: Նրանք կոչեր էին հնչեցրել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի վարած քաղաքականության դեմ: Նրանք իրենց հայտարարության մեջ ասել են, որ ԱՄՆ-ը Թուրքիայում հրթիռների տեղակայմամբ պայքարում է Իրանի և Սիրիայի դեմ:
Իսկենդերունում ցուցարարները փորձել են մոտենալ այն վայրին, որտեղ կայանվելու են հրթիռային համակարգերը: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, ինչի արդյունքում իրավապահներն ավելի քան 20 մարդու ձերբակալել են:
Ցուցարարների մի խումբ էլ, որի կազմում ընդդիմադիր պատգամավոր կա, հասել է Իսկենդերունի նավահանգիստ: Ցուցարարները հայտարարել են, որ չեն ցանկանում համակարգերը տեղադրվեն Թուրքիայում և շարունակելու են իրենց պայքարը: Պատգամավորն էլ իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հետ խնդիր չունի, իսկ համակարգերի տեղակայման իրական նպատակը պարզ է:
Այդ ընթացքում Գերմանիայից ժամանող առաջին խումբն արդեն մեկնել է տեղակայման վայր, իսկ Նիդեռլանդներից 250 զինվորականներով ինքնաթիռն արդեն թռել է Թուրքիա: Գերմանական և հոլանդական համակարգերն արդեն Թուրքիայում են: Հոլանդական հրթիռային համակարգերն իրենց աշխատանքը կսկսեն հունվարի 26-ից: Մինչև հունվարի վերջը պատրաստ կլինեն նաև Գերմանիայի և ԱՄՆ-ի համակարգերը: