JATO Dynamics վերլուծական ընկերությունն ի մի է բերել 2012թ. եվրոպական ավտոմոբիլային շուկայի արդյունքները: Արդեն որերորդ տարին անընդմեջ եվրոպական շուկայում ամենահայտնի ավտոմեքենա ճանաչվել է Volkswagen Golf-ը:
Հետազոտությունների արդյունքներով Եվրոպայում համատարած ճգնաժամի պատճառով VW Golf-ի վաճառքը, 2011 թ. հետ համեմատած, 11 %-ով կրճատվել է՝ հասնելով 431 742-ի: Այնուամենայնիվ այս ավտոմեքենայի մակնիշին հաջողվել է պահպանել առաջատարի դիրքը: 306 405 մեքենաների վաճառքի արդյունքներով երկրորդ տեղում է Ford Fiesta-ն: Երրորդ տեղում է VW Polo-ն՝ 287 828 վաճառված մեքենայով:
Նրան հաջորդում է Opel Corsa-ն 265 297 մեքենայով, Renault Clio-ն՝ 244 280 մեքենայով: Եվրոպայում վաճառվող մեքենաների տասնյակում են հայտնվել նաև Ford Focus-ը՝ 241 862, Opel Astra-ն՝ 232 645, Nissan Qashqai-ը՝ 207 885, Renault Megane-ը՝ 199 167 և Volkswagen Passat-ը՝ 195 617 մեքենայով: Առաջին տասնյակում հայտնված բոլոր մոդելների վաճառքի արդյունքները 2011 թ. համեմատությամբ 10 %-ով նվազել են, բացառությամբ Nissan Qashqai-ի:
Ավտոարտադրող ընկերությունների շարքում Volkswagen-ը լավագույնն է ճանաչվել: Ընկերությունը վաճառել է 1,4 մլն մեքենա: Այս ցուցանիշին քիչ թե շատ մոտ է Ford-ը՝ վաճառված 953 174 ավտոմեքենաներով:




































