ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, կարևոր աշխատանք է կատարում այդ ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի բացմանն ասել է կառույցի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը՝ իր վերաբերմունքն արտահայտելով Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումներին:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը վստահություն է հայտնել, որ այդ հանդիպումները կօգնեն մեկ քայլ առաջ գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
«Մոտակա ժամանակներս Հայաստանն ու Ադրբեջանը նախագահելու են Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհրդում: Հույս ունեմ, որ այս կապակցությամբ կազմակերպության ներսում վերջ կդրվեն փոխադարձ մեղադրանքներին, և կսկսվի կառուցողական երկխոսություն»,- ասել է Ժան Կլոդ Մինյոնը և հույս հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտությունը կանի իր գործը:
ԵԽԽՎ նախագահը հույսի ունի այցելել Հայաստան և Ադրբեջան:
«Շատ կցանկանայի մեկնել այս երկու երկրներ, դա իմ երազանքն է: Սակայն լավ կլիներ, որպեսզի այնտեղ մենակ չմեկնեի, այլ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությամբ, այսինքն Հայաստան՝ Ադրբեջանի կառավարության անդամների հետ, Ադրբեջան՝ Հայաստանի կառավարության անդամների հետ»,- ասել Ժան Կլոդ Մինյոնը՝ հավելելով, թե ինքն այնպիսի զգացողություն ունի, որ այս հարցը կշարժվի մեռյալ կետից:









































