Լիբիայի իշխանությունները պաշտոնական մեկնաբանություն են պահանջել Կահիրեից Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլի հայտարարության կապակցությամբ, որի համաձայն՝ «Եգիպտոսի իրավունք ունի լիբիական որոշ հողերի վրա»:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նախօրեին Լիբիայի կառավարության ղեկավար Ալի Զեյադանը այս կապակցությամբ հստակ բացատրություն է պահանջել Եգիպտոսի դեսպան Հիշամ Աբդելվահաբից:
Զեյադնը հիշեցրել է լիբանյան «Ալ-Դիյար» թերթին տված Քանդիլի հարցազրույցի մասին, որի ընթացքում վերջինս իբրև թե ասել է, որ Եգիպտոսն իրավունք ունի Լիբիայի արևելքում գտնվող նավթային տարածքների մի մասի վրա:
Լիբիայի նախարարների կաբինետի ղեկավարը Եգիպտոսի դեսպանին ասել է, որ «Լիբիան ինքիշխան պետություն է, և չի ընդունի որևէ սադրանք սեփական տարածքի օրինական իրավունքի դեմ»:
Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալյա Ալ-Հադիդին հերքել է վարչապետի կողմից նման հայտարարության հավանականությունը:
«Ո՛չ Եգիպտոսի վարչապետ Քանդիլը, ո՛չ եգիպտացի այլ պաշտոնական անձ չէր կարող անել նման հայտարարություն»,- ասել է Ալ-Հադիդին:










































