Սիրիայի հարավային Դարաա նահանգում բանակային ստորաբաժանումները հետ են մղել Բոսրա քաղաքում խաչակիրների միջնադարյան ամրոցը գրավելու գրոհայինների փորձը: Բոսրա քաղաքը գտնվում է Հորդանանի հետ սահմանին:
Մարտերի ժամանակ սպանվել է «Ջեբհաթ-Ալ-Նուսրա» («Հաղթանակի ճակատ») ծայրահեղական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը: Այս մասին գրում է ITAR-TASS –ը և հավելում, որ խմբավորումը կապված է «Ալ-Քաիդայի» հետ:
Միևնույն ժամանակ, Հոմսում սիրիական հատուկջոկատայինները բարեհաջող անցկացված օպերացիայի արդյունքում Խալիդիա թաղամասում ավելի քան 70 գրոհային են ոչնչացրել:
Իսկ Դարաա քաղաքում 1000 գրոհայինների ջոկատը, որը շարունակում է դիմակայությունը, շրջապատված է Սիրիայի կանոնավոր ուժերով:
Օպերացիայի հրամանատարությունը հայտնում է, որ օրեցօր իրավիճակը բարելավվում է, և ներկայումս իրենց տիրապետության տակ է քաղաքի տարածքի 2/3-ը: Ահաբեկիչներին պաշարել են և մտադիր չեն նրանց փախուստի միջանցք թողնել: «Նրանք պետք է սպանվեն կամ հանձնվեն իշխանություներին»,- հայտնել է հրամանատարության աղբյուրը:






































