Կիրակի գիշերը «Օրիոն» զբոսանավը Ավստրիալիայի ափերի մոտ փրկել է ֆրանսիացի ճանապարհորդի, որը նավաբեկության հետևանքով երեք օր անցկացրել էր օվկիանոսում մակույկի վրա,- հաղորդում է France-Presse-ը։
Ֆրանսիացի Ալեն Դելորը Tchouk Tchouk Nougat նավով մտադրվել էր շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, սակայն փոթորկի պատճառով նավը վնասվել է, Դելորը մակույկով փրկվել է և երեք օր անցկացրել օվկիանոսում։
Ավստրալացի փրկարարները ստացել են աղետի ազդանշան, փոթորկի ժամանակ կարողացել են ուղղաթիռից փրկարար բաճկոն և օժանդակ այլ հարմարանքներ տրամադրել տուժածին։
«Օրիոն» նավը, որը հազար կիլոմետր հեռու է գտնվել Դելորից, միակն է եղել, որ արձագանքել է ավստրալացի փրկակարների խնդրանքին։
Փրկարարների խոսքերով՝ 53 ժամ է պահանջվել տուժածին մոտենալու համար։
Ճանապարհորդին «Օրիոն» նավով տարել են Հոբարդ, որտեղ բժշկական օգնություն են ցույց տվել։ Շրջագայության մասնակիցներից ոչ բոլորն են ուրախ եղել շեղման համար, սակայն Դելորին նավ հանելը ողջունել են ծափահարություններով։
Ավստրալիայի ափերի մոտ շուրջերկրյա ճանապարհորդության հետևանքով նավաբեկության դեպքեր նախկինում նույնպես եղել են։ Տասնհինգ տարի առաջ էլ փրկել էին երկու հոգու, որոնք առանց կանգառի էին ճանապարհորդում։







































