Ապրիլի 2-ին Լիբանանում Հայաստանի դեսպանություն են այցելել «Հայ թատրոնի ամիս» ծրագրի շրջանակներում Լիբանանի Համազգայինի շրջանային վարչության հրավերով Բեյրութում գտնվող Համազգային պետական թատրոնի դերասանները՝ տնօրեն Վարդան Մկրտչյանի գլխավորությամբ:
Դեսպան Աշոտ Քոչարյանը ջերմորեն ողջունել է հյուրերին և ընդգծել հայաստանյան թատրոնի ներկայացուցիչների Սոս Սարգսյանի 80-ամյակին նվիրված հյուրախաղերի կարևորությունը: Նա համոզմումք է հայտնել, որ հայկական թատրոնի ներկայացումներն էլ ավելի են ամրապնդում և խորացնում Հայաստան-սփյուռք մշակութային կապերը:
Համազգային պետական թատրոնի դերասանները ապրիլի 1-3-ը լիբանանահայ հանդիսատեսին են ներկայացրել Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզին», Ռոբերտ Լամուրեի «Ախ կանայք, կանայք» և Էդվարդո դը Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացումները:
Հյուրախաղերն անցել են մեծ հաջողությամբ և արժանացել բարձր գնահատանքի:








































