Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախկին նախագահ Մեհմեթ Ալի Թալաթի հատուկ դեսպանորդ Քութլայ Էրքն այսօր Երևանում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի օդանավակայանի ինքնաթիռները ռմբակոծելու մասին հայտարարություններին:
«Ես լսեցի Ադրբեջանի այն սպառնալիքները, թե ռմբակոծվելու են Ստեփանակերտի օդանավակայանի ինքնաթիռները… հուսամ, որ սա ուղղակի սպառնալիք է, հակառակ պարագայում դա արդեն հումանիտար խնդիր է առաջ քաշում»,- հայտարարեց նա:
Էրքը կարևորեց կողմերի իրատես լինելը. «Պետք է իրատես լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար և պետք է հարգել մյուս կողմի դիրքորոշումները ևս»:
Կիպրոսցի քաղաքական գործիչը սխալ է համարում հանրային ներգրավվածության բացակայությունը ԼՂ բանակցային գործընթացում. «Գուցե սխալվում եմ, բայց ես չտեսա հասարակական ներգրավվածություն հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչը շատ վատ է»:
Նրա խորին համոզմամբ, բանակցային գործընթացին զուգահեռ անչափ կարևոր է, որ բանակցող կողմերի հասարակությունները շփվելու եզրեր ունենան:









































