Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, որը 2008 թվականի հունիսին արդեն այցելել է Թուրքիա, սպառնացել է բոյկոտել այդ երկիր մայիսին կայանալիք իր այցը:
Նշվում է, որ դրա պատճառն Ավստրիայում Թուրքիայի դեսպան Էջվեթ Թեզջանի նախկինում հնչեցրած հակաավստրիական հայտարարություններն են:
Այժմ ավստրիական կողմը Թուրքիային ակնարկել է Վիեննայից հետ կանչել տխրահռչակ դեսպան Թեզջանին:
Հիշեցնենք, որ 2010 թվականի նոյեմբերին ավստրիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում թուրք դեսպանն ավստրիական իշխանություններին մեղադրել էր տեղի թուրքերի նկատմամբ ձուլման քաղաքականություն վարելու մեջ` նշելով, թե ավստրիաբնակ թուրքերը երկրի իշխանությունների կողմից ընկալվում են որպես «վիրուսներ»:
Դա դիվանագիտական լուրջ սկանդալ հարուցեց Վիեննայի և Անկարայի միջև: Ավստրիան սպառնաց խոչընդոտներ հարուցել ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցում:









































