Լիբիան Ալժիրի արևելքում գտնվող Ին-Ամենաս գազային համալիրի վրա զինյալների հարձակումից և աշխատակիցներին գերեվարելուց հետո ուժեղացրել է նավթային հատվածի օբյեկտների անվտանգության միջոցառումները: Մոբիլիզացվել են պահպանության և բանակի լրացուցիչ ուժեր, որոնք շուրջօրյա հսկում են օբյեկտները, այսօր հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Ազգային նավթային կորպորացիայի ղեկավար Նուրի Բերուինը հաստատել է Ալժիրի հետ սահմանից ոչ հեռու գտնվող լիբիական հանքավայրերում անվտանգության միջոցառումների խստացումը:
2007-ին Ազգային նավթային կորպորացիան բրիտանական British Petroleum-ի հետ որոնողահետազոտական աշխատանքներ կատարելու և Սիդրայի ծոցում նավթի և գազի արդյունահանման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել:
Ըստ «Ալ-Արաբիա»-ի տվյալների՝ Լիբիայի օրինակին մտադիր են հետևել Եգիպտոսում գործող նավթագազային ընկերությունները, չնայած դրանք տեղակայված են հարյուր հազարավոր կմ հեռու ալժիրյան Ին-Ամենասից: Մասնավոր սեկտորը լուրջ է վերաբերվում ահաբեկիչների՝ Աֆրիկայի հյուսիսում նմանատիպ օբյեկտների վրա նոր հարձակման սպառնալիքներին:
Լիբիան և Ալժիրը երրորդ և չորրորդ տեղն են զբաղեցնում Աֆրիկայում «սև ոսկի» խոշորագույն արտադրողների շարքում, իսկ Եգիպտոսի հետ միասին բնական գազ են արտահանում Եվրոպայի երկրներ, հիշեցրել է հեռուստաալիքը: Բոլոր 3 պետությունները Աֆրիկյան նավթ արտահանող երկրների ասոցիացիայի անդամ են, որի կազմում ընդգրկված են նաև Սուդանը, Անգոլան, Բենինը, Գանան, Կամերունը, Կոնգոյի Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կոտ դ’Իվուարը, Գաբոնը, Էկվատորիալ Գվինեան, Նիգերիան, ՀԱՀ-ը, Չադը և Մավրիտանիան:







































