Վրաստանում մետալուրգիական գործարանի շինարարության համար կարվեն 250 միլիոն դոլարի չափով խոշոր ներդրումներ:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով գործարար Նիկո Լեկիշվիլիին, հարցը քննարկելու նպատակով արդեն իսկ հանդիպում է կայացել ներդրողների և էկոնոմիկայի նախարարի միջև:
Նրա խոսքերով` գործարանը կառուցվելու է Փոթիի նավահանգստի մերձակայքում: Ներկա պահին հստակեցվում են նախագծի մանրամասները:
Լեկիշվիլին նշել է, որ ներդրումների մի մասը կատարելու է գերմանա-թուրքական ընկերությունը, իսկ մյուս մասը` Զարգացման Եվրասիական բանկը:
«Էմիգրանտ» ներդրումային ընկերության հիմնադիր Զազա Սիորիձեն իր հերթին ասել է, որ Վրաստանում իշխանության փոփոխությունից հետո ներդրողներն ավելի մեծ հետաքրքրություն են սկսել ցուցաբերել երկրի հանդեպ: Նրա խոսքերով` Վրաստան են այցելել իսրայելցի գործարարներ, վրացական շուկայով հետաքրքրված են նաև եվրոպացի ներդրողները:
Վրաստանի ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն` այս տարի երկիրը կունենա ռեկորդային ներդրումներ, ինչը նշանակում է, որ այն կգերազանցի 2007թ. երկու միլիարդ դոլարի ռեկորդային ցուցանիշը:









































