Հունվարի 18-ին Մեքսիկայի ոստիկանությունը թմրամիջոցների առևտրին մասնակցելու կասկածանքով ձերբակալել է 158 ոստիկանի` հայտնում է Agence France-Presse-ը:
Ձերբակալությունները տեղի են ունեցել Մեքսիկայի երկու հյուսիսային քաղաքներում: 110 ոստիկան ձերբակալվել է Լերդո քաղաքում, 48-ը՝ հարևան Գոմես-Պալասիոյում:
Մոտ ժամանակահատվածում նշված քաղաքներում ոստիկաններին կփոխարինեն զինծառայողներն ու նահանգի ոստիկանությունը, քանի որ ազատության մեջ մնացած տեղի ոստիկանները կստուգվեն թմրանյութերի առևտրին մասնակցություն ունենալու մեջ, նաև հատուկ թրեյնինգ կանցնեն:
2012-ի նոյեմբերին Գոմես-Պալասիո քաղաքի իշխանություններն աշխատանքից հեռացրել էին 145 ոստիկանի. նրանք չէին անցել հուսալիության ստուգումը:
Մեքսիկայում ծայրահեղ բարձր է կազմակերպված հանցավորության մակարդակը, ինչն առաջին հերթին կապված է նարկոկարտելների գործունեության հետ: Խմբավորումները, որոնց հետ հաճախ համագործակցում են ոստիկանները, Լատինական Ամերիկայի երկրներից թմրանյութ են փոխադրում ԱՄՆ: 2006-ից, երբ Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը պայքար հայտարարեց նարկոկարտելների դեմ, երկրում հանցավոր խմբավորումների բախումների հետևանքով ավելի քան 70 000 մարդ է զոհվել:







































