Սաուդյան Արաբիայի իշխանությունները ենթադրում են, որ 2015թ. նավթի միջին արժեքը կլինի 80 դոլար 1 բարելի դիմաց: Հենց այս թիվն է դրվել երկրի՝ նախօրեին ընդունված բյուջեի հիմքում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով երկրի կառավարության էկոնոմիկայի հարցերով նախկին խորհրդական Ջոն Սֆակիանիքսին:
Նշվում է, որ 2014թ. բյուջեում, որի եկամուտներն 89%-ով կախված են նավթից, դրված է եղել նավթի 103 դոլար գին:
Լոնդոնում Brent տեսակի նավթի ֆյուչերսային գործարքների գինն ուրբաթ օրն աճել է մինչև 60.50 դոլար: Նյու Յորքում WTI տեսակի նավթի ֆյուչերսային գործարքների գինն աճել է մինչև 56.12 դոլար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան հաջորդ տարվա համար ռեկորդային՝ 38.6 մլրդ դոլար դեֆիցիտով պետբյուջե է ընդունել: Դեֆիցիտը պայմանավորված է նավթի կտրուկ էժանացմամբ:
Միաժամանակ, 2015 թ. պետական ծախսերը սահմանվել են 229.3 մլրդ դոլար, պետության եկամուտները կանխատեսվում են 190.7 մլրդ դոլարի չափով:







































