Օրերս պաշտպանության նախարարությունում անցկացվեց Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմում տարած հաղթանակի վերջնական իրավական ձևակերպումը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Արցախի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Խանումյանի հետ:
Ըստ Հ. Խանումյանի՝ ՀՀ նախագահի ելույթը իր մեջ նոր բան չէր պարունակում, այս կամ այն կերպ նույն մտքերը հնչել էին տարբեր անգամներ, ավելին` ոչ Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությունն է նորություն, ոչ էլ Թուրքիայի՝ հարևանների հաշվին հարցերը լուծելու ցանկությունը։ Սակայն, Խանումյանի կարծիքով, ի տարբերություն նախագահի մյուս թեկնածուների` Սերժ Սարգսյանը հինգ տարի ունեցել է իր շեշտած խնդիրների շուրջ հայության դիրքերն ամրացնող քայլեր կատարելու համար։
«Ադրբեջանի ռևանշիստական քաղաքականության ամենաարդյունավետ պատասխանը մեծ բնակչությամբ Արցախ ունենալն է, այնինչ հենց վերջին հինգ տարում վերաբնակեցման ծրագիրը դադարել է, վերաբնակեցման ծրագրով նոր տներ չեն կառուցվում Արցախի թերբնակեցված շրջաններում` այն դեպքում, երբ դրանց պահանջարկը բավականին մեծ է, և զգալի թվով ընտանիքներ ցանկություն են հայտնում բնակություն հաստատել Քաշաթաղի և Նոր Շահումյանի շրջաններում։ Թերանում է նաև այս շրջաններում բնակվող ընտանիքներին շինանյութով աջակցելու ծրագիրը, բազմաթիվ ընտանիքներ դեռևս բնակվում են անտանելի պայմաններում, ինչը շատ հաճախ անդառնալի կորուստներ է պատճառում՝ բնակիչների շրջանում առաջացնելով հիվանդություններ»,- ներկայացրեց իրավիճակը Հայ Խանումյանը՝ նշելով, որ Հայաստանին ոչ թե խոսող, այլ գործող նախագահ է պետք, ում գործի արդյունքները պետք է զգալի լինեն Հայաստանի բնակչության համար։
Անդրադառնալով խոսակցություններին, թե Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո պատերազմը կվերսկսվի, Հ. Խանումյանն՝ ասաց, որ Հայաստանում և Ադրբեջանում ընտրությունների տարվա ընթացքում միշտ էլ այդպիսի զրույցներ տարածվում են։ Սակայն Խանումյանն այն կարծիքին է, որ ժողովուրդն արդեն իմունիտետ ունի նման լուրերի նկատմամբ։
«Պատերազմն այսօր էլ շարունակվում է, դիրքային հրաձգություններ միշտ էլ լինում են։ Ժամանակն է նորովի մտածել պաշտպանական կառույցների, ապաստարանների նորոգման և քաղաքացիական պաշտպանության այլ համակարգերի մասին, որոնք թույլ կտան նվազեցնել ժողովրդի խոցելիությունը։ Ի դեպ, Արցախի նախագահի անցյալ տարի կայացած ընտրություններում ընդդիմության թեկնածուն բավականին հանգամանալից խոսել է հայ զինվորի խոցելիությունը նվազեցնող պաշտպանական բարեփոխումների մասին»,- եզրափակեց իր խոսքը Հայկ Խանումյանը:








































