Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների դեմ եվրոպական կոմիտեի անդամները այցելել են Իմրալի կղզի՝ ծանոթանալու Քրդստանի աշխատավորական կուսակցության ցմահ բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմաններին: Այս մասին Today’s Zaman-ին հաղորդել են Թուրքիայի արդարադատության նախարարությունից:
Այցի մասին կոմիտեի անդամները նախապես տեղյակ էին պահել Բուրսայի դատախազի գրասենյակին:
Օջալանը բանտարկված է 1999 թվականից: Թուրքական մամուլը հաղորդում է, որ այցի վերաբերյալ կոմիտեի զեկույցը դրական կլինի, քանի որ Օջալանի բանտային պայմանները համապատասխանում են պահանջված չափորոշիչներին:
Կոմիտեն նախկինում ևս մի քանի անգամ այցելել է քուրդ ահաբեկիչների առաջնորդին: Վերջին այցի ժամանակ նրանք հայտարարել են, որ Օջալանի բանտային պայմանները բարելավվել են, և նա չունի առողջական որևէ լուրջ խնդիր:









































