Օրեր առաջ ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության իր ուրվագծերը:ՀՀ նախագահի թեկնածուի արտաքին քաղաքականության 10 ուրվագծերին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:
Ըստ նրա՝ այս ուրվագծերը ցույց են տալիս, որ Հրանտ Բագրատյանը զգուշավոր, բալանսավորված արտաքին քաղաքականության կողմնակից է: Սակայն, փորձագետի կարծիքով, որոշ դրույթներ երկիմաստ են և կարող են տարընթերցումների տեղիք տալ, դրանք ավելի շատ հարցեր են առաջացնոմ, քան պատասխանում:
Մասնավորապես, անդրադառնալով ուրվագծերի 9-րդ կետին, այն է՝Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը, այդ երկրների ինքնիշխանությանն օժանդակելը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, Էդգար Վարդանյանն ասաց, որ հստակ չէ՝ ինչ է սա նշանակում:
Ուրվագծերիցերկուսն այն մասին են, որ արտաքին քաղաքականությունն առաջիկա տարիներին պետք է լինի ինքնակենտրոն,ևպրոեվրոպական, պրոռուսական կամ պրոամերիկյան մոտեցումների գերակայությունը կարող է հանգեցնել մեր տարածքում գերտերությունների շահերի բախման,
և Հայաստանն առավելագույնս պետք է խորացնի ինչպես ԵՄ ազատ առևտրի ռեժիմի, այնպես էլ ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների ինտեգրման խորացման գործընթացները:Փորձագետի համոզմամբ` այս կետերը նույնպեսհստակ չեն:
Նրա խոսքով՝ ցանկացած սուվերեն երկրի արտաքին քաղաքականություն չի կարող պետականամետ չլինել, չսպասարկել երկրի, տվյալ դեպքում` Հայաստանի շահերը, ուստի դրանք առանձին հիշատակելն անհասկանալի է, թեև դա ՀՀ-ում արդեն ընդունված պրակտիկա է:
«Նշել է, որ եվրաինտեգրումը և ԱՊՀ երկրների հետ համագործակցության խորացումը չպետք է իրար հակադրվեն: Սա հարցեր է առաջացնում այն առումով, որ այսօր եվրոպական պաշտոնյաների շուրթերից լսում ենք, որ իրականում ԵՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը և Մաքսային միությանն անդամակցությունն անհամատեղելի են: Բնականաբար, հարց է ծագում՝ ի՞նչ հիմնավորումներով է թեկնածուն ապացուցում, որ սա հնարավոր է»,- մեկնաբանեց Էդգար Վարդանյանը:
Խոսելով ԼՂ հիմնահարցի լուծման Բագրատյանի պատկերացումներից՝ նկատեց, որ քաղաքական գործիչը խոսումէ նոր՝ փոխզիջումային տարբերակի շուրջ: Ավելին, փորձագետի կարծիքով, կարելիէ ենթադրել, որ դեմ է մադրիդյան սկզբունքներին, պարզապես այդ մասին գրված չէ:
«Ասվումէ, որ հարցի լուծման նոր փոխզիջումային առաջարկ պետք է լինի`ելնելով այն բանից, որ պետք է բնակեցնել ազատագրված տարածքները: Իսկ մենք գիտենք, որ այսօր միջազգային փորձագետները, խոսելով բանակցային գործընթացի ժամանակ մադրիդյան սկզբունքների մասին, ակնարկում են, որ այդ տարածքները խաղաղ կարգավորման դեպքում ենթակա են վերադարձման, ուստի պետք չէ դրանք այսօր վերաբնակեցնել: Հիմա, փաստորեն, Բագրատյանը դրան դեմ է:
Իսկ ԼՂՀ անկախության ճանաչման հետ կապված էլ միջանկյալ կեցվածք է ընդունել: Մի կողմից` կա տեսակետ, որ ճանաչումը ժամանակավրեպ է այսօր, որովհետև կարող է բերել նրան, որ Ադրբեջանը այդ առիթն օգտագործի ռազմական գործողություններ վերսկսելու համար, իսկ մյուս կողմից` կա տեսակետ, որ պետք է անհապաղ ճանաչել ԼՂՀ անկախությունը, որովհետև մինչև ՀՀ-նչճանաչի ԼՂՀ անկախությունը, որևէ այլ երկիր չի ճանաչի:
Բագրատյանն այս առումով կոմպրոմիսային տարբերակ է ընտրել՝ընտրությունը թողնելով ԼՂ իշխանությունների հայեցողությանը: Այսինքն ՝ մի կողմից` չի մտածում, որ ճանաչումը ժամանակավրեպ է, մյուս կողմից էլ` չի ասում, որ անհրաժեշտ է նախաձեռնել այդ ճանաչման գործընթացը, և ՀՀ-ն պետք է նախաձեռնի, այլ թողնումէ ԼՂՀ իշխանություններին»,- մանրամասն վերլուծեց փորձագետ Էդգար Վարդանյանը:
Եզրափակելով իր վերլուծությունը՝ ՌԱՀՀԿ փորձագետն ասաց, որ այս ուրվագծերի հիման վրա համապարփակ ծրագիր ներկայացնելու համար դրանքպետք է վերանայվեն և լրացվեն:
Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն» կուսակցության ղեկավարը խմբագրված և լրամշակված ներկայացրել է 12 կետից բաղկացած արտաքին քաղաքականության ուրվագծերը.
1. Արտաքին քաղաքականության գերակա սկզբունքն է՝ աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդի հավիտենականության երաշխիքը անկախ հայկական պետականությունն է։
2. ՀՀ ներքին և արտաքին հարաբերությունների ասպարեզներում ընդունված պետական յուրաքանչյուր օրենք, որոշում, պաշտոնական փաստաթուղթ, ինչի կիրարկման արդյունքում առկա է երկրի ինքնիշխանության սահմանափակման կամ նրա պետական և ազգային շահերի անտեսման որևէ դրույթ կամ տարր, կարող է ուժի մեջ մտնել միայն հանրաքվեից հետո։
3. ՀՀ արտաքին հարաբերություններն այլ երկրների հետ խարսխվում են իրավահավասարության, փոխշահավետության, փոխվստահության, բարիդրացիության և համամարդկային արժեքներին հավատարմության հիման վրա: Արտաքին հարաբերություններում ՀՀ պետական եւ ազգային ռազմավարական շահերը ներկայումս թելադրում են հավասարակշիռ և կառուցողական հարաբերությունների հաստատում Հարավային Կովկասում ուրույն շահեր հետապնդող բոլոր գերտերությունների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Եվրամիության անդամ երկրներ) և նրանց կողմից ստեղծված ռազմաքաղաքական և տնտեսական կառույցների հետ:
4. Հայաստանն առավելագույնս պետք է խորացնի ինչպես ԵՄ ազատ առևտրի ռեժիմի, այնպես էլ ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների ինտեգրման խորացման գործընթացները։ Այնուամենայնիվ, Հայաստանը որևէ կողմի չպետք է թույլ տա հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը կբացառի հարաբերությունների զարգացումը մեկ այլ կողմի հետ։
5. ՀՀ-ն շահագրգռված է հարևան երկրների հետ բարիդրացիական սերտ հարաբերությունների հաստատմամբ և ձգտելու է առաջիկա տարիներին տարածաշրջանի երկրների հետ փոխհարաբերություններում հասնել դրական նոր փոփոխությունների:
6. ՀՀ-ն ձգտելու է էլ ավելի լայն ու բազմաբովանդակ հարաբերություններ հաստատել իր ամենահին մերձավոր հարևանի՝ Իրանի հետ և դրանց տալ ռազմավարական բնույթ: Հուսով ենք, որ Իրան-արևմտյան երկրներ լարված փոխհարաբերությունները մոտ ապագայում կբարելավվեն բարի կամքի եւ ողջախոհության հիման վրա: Հայաստանը շահագրգռված է իր կարողությունների սահմաններում նպաստել այդ գործին:
7. ՀՀ-ն ձգտելու է նոր մակարդակի բարձրացնել Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները՝ արագացնելով եւ ընդլայնելով երկու երկրների միջև տնտեսական ինտեգրացիոն գործընթացները: Կողջունենք և կաջակցենք վրաց-աբխազական երկաթուղին վերաբացելու Վրաստանի իշխանությունների ջանքերի իրականացմանը: Պատրաստակամություն ենք հայտնում մեր հնարավորությունների սահմաններում օգնել վրացական իշխանություններին երկրի հայ քաղաքացիների և նրանց համայնքային կառույցների բարձրացրած հարցերին կառուցողական լուծումներ տալու գործում:
8. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հրատապ խնդիր է։ Իսկ դա հնարավոր է միայն նախապայմանների բացակայության դեպքում։ Սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանի անկախացումից հետո թուրքական իրար հաջորդող բոլոր կառավարությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ որդեգրել են կոշտ անբարյացակամ դիրքորոշում, որն ակնհայտորեն չի փոխվելու տեսանելի ապագայում, ՀՀ-ն Թուրքիայի հանդեպ իր քաղաքականությունը պետք է ձևավորի` ի գիտություն ընդունելով այն հանգամանքը, որ այդ երկիրն առայժմ անընդունակ է Հայաստանի հետ միջպետական փոխհարաբերություններ հաստատել: Այնուամենայնիվ, ՀՀ-ն կաջակցի Թուրքիային արևմտյան կառույցներին ինտեգրվելու (ԵՄ անդամ դառնալու) խնդիրներում, Արևմուտք-Արևելք տնտեսական առանցքում համատեղ ծրագրեր մշակելու և ներդնելու հարցերում։
9. ԼՂ հարցի լուծումն այս փուլում իրական փոխզիջումային տարբերակի մշակումն է, ինչը հնարավոր կլինի բանակցությունների նժարը բացառապես ԼՂ և Ադրբեջանի միջև տեղափոխելու դեպքում։
10. ԼՂ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընդունելի է միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում։
11. Ուժերի հետագա հավասարակշռվածությունն Ադրբեջանի օգտին չթեքելու համար անհրաժեշտ է մասսայաբար բնակեցնել Հայաստանը և ԼՂՀ-ն Ադրբեջանից մազապուրծ փախած հայերով, սիրիահայերով։ Պետք է կյանքի կոչել «Նոր հայրենիք», «Նոր Հալեպ» ծրագրերը։
12. ՀՀ-ն պարտավորվում է առաջիկա 1-2 տարիների ընթացքում Հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ կանոնակարգ մշակել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ, որում կարտացոլվեն Հայաստանի պարտավորությունները սփյուռքահայերի և նրանց կառույցների հանդեպ պատկան երկրներում եւ Մայր Հայրենիքում, ինչպես նաև ՀՀ-ի ակնկալիքները սփյուռքահայությունից: Սփյուռքահայության հետ հարաբերությունները պետք է զարգացնել, նկատի ունենալով նրանց` Հայաստանում ներդրող ու ակտիվ գործարար լինելու կարգավիճակը։ Օգնության այլ ձևերը, բարեգործական ու հումանիտար ակցիաներ, մեծ հեռանկարներ չունեն։ Սփյուռքի պասիվ ներդրողների համար (պորտֆելային) համահայկական բանկը կվերածվի համահայկական ներդրումային հիմնադրամի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կարգի կառույցների գործունեությունն աստիճանաբար կսառեցվի։







































