Ըստ բազմաթիվ սոցիալական ցուցանիշների, այդ թվում` կյանքի տևողության, Կուբան գերազանցում է իրենից շատ ավելի հարուստ երկրների: Այս մասին գրում է The New York Times-ը:
«Կուբայում շատ խնդիրներ կան` սկսած կենտրոնական ծրագրման անարդյունավետությունից և ավարտած ԱՄՆ-ի բազմամյա արգելքով: Սակայն հասարակական առողջապահությունը կղզում բարգավաճում է, և բնակչությունն այնտեղ աշխարհում ամենաառողջն է»,-ասվում է հոդվածում:
Գիտնականներն այս երևույթը «Կուբայի հակասություն» են համարում:
Համաշխարհային բանկի տվյալներով` կուբացու կյանքի տևողությունը 79 տարի է կազմում, ինչը նույնիսկ փոքր-ինչ բարձր է ԱՄՆ միջին քաղաքացու կյանքի տևողությունից: Շատ դեղորայքներ Կուբայում ուղղակի անհասանելի են: Երկար ժամանակ բժիշկները վիրահատելիս ցավազրկման համար ակուպունկտուրա են կիրառել, քանի որ անզգայացման միջոցներ չեն եղել:
Սակայն դրանից հետո երկիրը մեծ ներդրումներ է կատարել առողջապահության ոլորտում: Կուբայում բավականին շատ են բժիշկները, իսկ կառավարությունը հետևում է նրանց հավասարապես տեղաբաշխմանը երկրում: Առողջապահության համակարգը ֆինանսավորվում է պետության կողմից, և բոլոր կուբացիները հավասարապես կարող են օգտվել դրա ծառայություններից: Իր մեկուսացման տարիներին Կուբայից «ուղեղների արտահոսք» տեղի չի ունեցել, ինչը բնորոշ է մյուս լատինամերիկյան երկրներին:
Այս բոլոր պատճառներն են բացատրում «Կուբայի հակասությունը»:








































