Համացանցային շուկայի մասնագետների շրջանում կարծիքները բաժանվել են՝ կապված առցանց անձնական տվյալների հետ, սակայն համաձայնել են, որ օգտատերերն արդեն ապրում են մշտական հսկողության ներքո: Այս մասին գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Pew Research-ի ուսումնասիրությունը:
Ավելի քան 2.5 հազար փորձագետներ խոսել են այն մասին, թե առաջիկա 10 տարիներին ինչպես կզարգանան համացանցում մասնավոր տվյալները:
Այն հարցին, թե արդյոք 2025-ին գոյություն կունենա՞ անվտանգ, օգտատերերի համար ընդունելի և վստահություն ներշնչող ենթակառուցվածք՝ համացանցում անձնական տվյալների պաշտպանության համար, 45 տոկոսը դրական պատասխան է տվել: Սակայն փորձագետների ավելի քան կեսը հայտարարել է, որ նման համակարգը հնարավոր չէ՝ իշխանությունների և կարգավորման նորմեր մշակող ընկերությունների անբավարար շարժառիթների պատճառով:
«Փորձագետների մեծ մասը ենթադրել է, որ կառավարություններն ու բիզնեսը չունեն բավարար չափով շարժառիթներ՝ անձնական տվյալների պաշտպանության համար: Պատճառն այն է, որ մարդիկ պատրաստ են անձնական տվյալները տալ փոքրիկ պարգևատրումների, օրինակ՝ մեկ բաժակ սուրճի դիմաց»,- ասել է Elon’s Imagining the Internet Center հետազոտական կենտրոնի տնօրենը:
Փորձագետները համաձայնել են, որ համացանցային օգտատերերն արդեն ապրում են մշտական հսկողության ներքո՝ կամավոր կերպով թույլ տալով հավաքել, վերլուծել, մշակել և իրենց անձնական տվյալների հիման վրա գումար վաստակել:








































