Եվրամիությանն անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարություն Ռուսաստանի վերաբերյալ: Այս մասին ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է դրա նախագահ Դոնալդ Տուսկը՝ փոխանցում է BBC-ն:
«Մեզ երկարաժամկետ հեռանկարներով ռազմավարություն է պետք… Ծրագրեր՝ մեկ տարվա համար: Մենք պետք է իրատես լինենք, պետք է դրան վերաբերվել որպես երկար, շարունակական խաղի»,- ասել է նա գագաթնաժողովից հետո, որտեղ քննարկվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Տուսկը Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները համարել է Եվրոպայի գլխավոր ռազմավարական խնդիրը: Նա նաև հայտարարել է, որ առաջիկա հանգստյան օրերին ուժի մեջ կմտնեն Ռուսաստանի դեմ նոր միջոցառումները:
Գագաթնաժողովի ժամանակ եվրոպական պետությունների ղեկավարները հավաստիացրել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն թուլացնելու՝ չնայած Մոսկվայի ֆինանսական դժվարություններին:








































