Ուկրաինան աջակցություն կցուցաբերի Մինսկի խմբի ջանքերին՝ կրկին ակտիվացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան՝ հանդես գալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը:
Նա նշել է, որ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորումը կլինի Ուկրաինայի նախագահության հիմնական առաջնահերթություններից մեկը: Կոժարան նաև ընդգծել է ԵԱՀԿ հնարավորությունների և հակամարտությունների բոլոր փուլերում կառույցի արդյունավետության ուժեղացման անհրաժեշտությունը: Նա ասել է, որ Ուկրաինան ակտիվորեն կաշխատի մերձդնեստրյան հակամարտության և Վրաստանում հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Կոժարան հայտարարել է, որ այդ առնչությամբ կառույցի գործող նախագահի պաշտոնում հաջորդ շաբաթ իր առաջին այցը կկատարի Մոլդովա:








































