ԱՄՆ-ը մտադիր է հինգշաբթի օրը 20 տարում առաջին անգամ ճանաչել Սոմալիի Հանրապետության կառավարությունը, որը, որպես միասնական պետություն, 1991-ին փաստացի դադարել է գոյություն ունենալուց,- փոխանցում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջոննի Կարսոնին:
Նրա խոսքով՝ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դիվանագիտական նոտաներ է փոխանակում Սոմալիի՝ անցյալ տարվա սեպտեմբերին ընտրված նախագահ Հասան Շեյխ Մոհամուդի հետ, որը հինգշաբթի օրը պաշտոնական այցով կլինի Վաշինգտոնում:
«Սոմալիի նոր նախագահի այս շաբաթվա այցը խորհրդանշում է Սոմալիում անվտանգության ոլորտում և քաղաքական իրավիճակում զգալի փոփոխությունը, նաև այդ երկրի հետ մեր հարաբերությունների փոփոխությունը»,- լրագրողներին ասել է Կարսոնը:
Սոմալիի Հանրապետությունը, որպես միասնական պետություն, դադարել է գոյություն ունենալուց 1991-ին Սիադ Բարրեի բռնապետական վարչակարգի անկումով: Երկու տարի հետո ԱՄՆ-ի օպերացիայի ընթացքում այդ երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում Սոմալիի զինյալները երկու ամերիկյան ռազմական ուղղաթիռ են ոչնչացրել և 18 ամերկացու սպանել, ևս 80-ը վնասվածքներ էին ստացել: Դրանից հետո ԱՄՆ-ը խզել է հարաբերությունները Սոմալիի հետ:
Հաղորդագրության մեջ նշված է, որ այդ երկրում նոր նախագահի իշխանության գալով ավարտվել է գրեթե 8 տարի տևած անցումային շրջանը: Բացի դրանից՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում կառավարական զորքերն Աֆրիկյան միության անդամ երկրների 17,000-անոց զորքի օգնությամբ կարողացել են մի շարք կարևոր քաղաքներից դուրս մղել «Աշ-Շաբաբ» խմբավորման իսլամիստ զինյալներին:







































