Սերբիան հուսով է հունիսին ԵՄ մտնելու բանակցություններ սկսել: ITAR-TASS-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Սերբիայի փոխվարչապետ Սուզաննա Գրուբեշիչը:
Նրա խոսքով՝ Սերբիայի կառավարության կողմից վերջերս ընդունված պլատֆորմը՝ Պրիշտինայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, դրական դեր կխաղա այդ գործընթացում:
«Պրիշտինայի իշխանությունների հետ կայանալիք բանակցություններում ակնկալում ենք հասնել բավարար առաջընթացի, որպեսզի արդեն հունիսին ստանանք ԵՄ մտնելու բանակցությունների հնարավորություն»,- ասել է Սերբիայի փոխվարչապետը:
Նա ընդգծել է, որ դրանից հետո «Սերբիան իր առջև հստակ նպատակներ է դրել` պաշտպանելու Կոսովոյի ու Մետոխիայի սերբերի շահերը և անցնելու Եվրամիության ինտեգրման գործընթացի»:
Գրուբեշիչը շրջագայում է ԵՄ երկրներով, որի նպատակն է արագացնել երկրի եվրաինտեգրման գործընթացը:
Ուղևորության ընթացքում նա կայցելի Մեծ Բրիտանիա, Իռլանդիա և Դանիա, ինչպես նաև Բրյուսելում ԵՄ կենտրոնակայան: