Ոչ իշխանական եռյակն այսօր Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ հանրահավաք-երթ է անցկացնելու, որին, սակայն, եռյակի առաջնորդներից մասնակցելու է միայն Րաֆֆի Հովհաննիսյանը: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը ընդհանրապես հայտարարել է, որ ԲՀԿ-ականներն ազատ են մասնակցելու այս օրվա կապակցությամբ հանրահավաք-երթին, ինչն ըստ էության նշանակում է, որ ԲՀԿ-ն որպես կուսակցություն մասնակցություն չունի և ներգրավվում է «ազատ ռեժիմում»:
Միջոցառումն ավանդաբար կազմակերպում է ՀԱԿ-ը, և իհարկե` առնվազն անտրամաբանական կլիներ, եթե ԲՀԿ-ն այս միջոցառմանը որևէ կերպ մասնակցություն չունենար:
Մեծ հաշվով, ակնհայտ է, որ այսպիսով, ըստ էության, փորձ է արվում ինչ-որ կերպ զանգվածային միջոցառումների անցկացման չհայտարարված դադարը լցնել և ինչ-որ առումով էլ ՀԱԿ-ի դեմքը փրկել, քանի որ այդ դադարի կապակցությամբ մտահոգություն էր հայտնել ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ին ահազանգ էր հնչեցրել, ինչին ի պատասխան բավական արհամարհական պատասխանի արժանացավ ԲՀԿ կողմից:
Ի տարբերություն «Ժառանգություն» կուսակցության` ՀԱԿ-ի հարցում ԲՀԿ-ն դեռևս ազատվելու որոշում չի կայացրել, ՀԱԿ-ը դեռ պետք է ԲՀԿ-ին: Իսկ ահա «Ժառանգության» առումով կարծեք թե որոշումը հստակ է, և այս ամենի հետևանքով Րաֆֆի Հովհաննիսյանը կարծեք թե մնացել է մենակ: Այսօր հանրահավաք-երթին նրա մասնակցությունն, իհարկե, «գնացքում» լինելու իմիտացիա կստեղծի, քանի որ իրականում «Ժառանգությունն» ակնհայտորեն դուրս է հայտնվել ոչ իշխանական «մեյնստրիմից», և հարցերը լուծվում են բացառապես ԲՀԿ-ՀԱԿ կոնտակտների մակարդակում:
Սրան զուգահեռ` հանրահավաք-երթը ընդհանրապես իմիտացիա է ոչ իշխանական բևեռի տեսանկյունից, որովհետև քաղաքական ակտիվ գործունեության այլ դրսևորումներ, ըստ էության, չկան, և սա այն դեպքում, երբ ակտիվության պատճառները ոչ միայն չեն նվազել, այլ ավելանում են երկրաչափական պրոգրեսիայով: Սակայն ինչքան ավելանում են այդ հարցերը, ինչքան մեծանում է պրոգրեսիան, այնքան ավելանում են նաև ոչ իշխանական ուժերում շահերի բախման կետերը, և այս ամենից խուսափելու լավագույն ձևը ակտիվ գործողություններից հրաժարվելն է:
Այս որոշումը, ինչ խոսք, ԲՀԿ-ի որոշումն է, որին էլ ստիպված հետևում է ՀԱԿ-ը, և որպես կարգապահության բոնուս` ԲՀԿ-ն ՀԱԿ-ին իր մասնակցությունն է տալիս այսօրվա հանրահավաքին` միաժամանակ այն օգտագործելով որպես ոչ իշխանական բևեռի առկայության իմիտացիայի հնարավորություն: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ն չի շտապում քայլ անել Սերժ Սարգսյանից առաջ: Խնդիրն այն է, որ այդ դեպքում իրավիճակի համար պատասխանատվությունը կմնա քայլ անողի վրա: Այդ պատճառով էլ հոկտեմբերի 24-ից հետո ԲՀԿ-ն հետ է քաշվել` հայտարարելով, որ գնդակը իշխանությունների դաշտում է:
Սերժ Սարգսյանն էլ, սակայն, փորձեց ձգել դադարը և ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք նոր իրավիճակ կստեղծեն, որպեսզի այդ իրավիճակի համար պատասխանատվությունն էլ իր վրա չմնա:
Արդյունքում` բավական ծանր կացության մեջ է հայտնվել Հովիկ Աբրահամյանը, քանի որ նման հարաբերական անդորրի պայմաններում ինքնաբերաբար ուշադրության կենտրոնում է հայտնվում այն փոթորիկը, որ մոտեցել է Հայաստանի տնտեսությանը:
Լուսանկարը՝ news.am-ի









































