Կրեմլին ավելի հավատարիմ երևալու եռյակի փորձերը Կրեմլի համար որևէ նշանակություն չունեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտում առկա տարաձայնություններին, Պուտինի ուղերձին և եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների վերաբերյալ հայաստանյան քաղաքական մեծամասնության կոնսենսուսին:
Նա նախ պարզաբանեց, որ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ելույթում շեշտադրություն չարեց Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների վրա, որովհետև Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի մասնակցությամբ իր աշխատանքը սկսելու է հունվարի 1-ից, հունվարի մեկից էլ հստակեցվելու է պրակտիկ խնդիրների այն ծավալը, որը պետք է լուծվի: Ըստ նրա՝ ներկայում Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների անհրաժեշտության մասին ողջ հռետորաբանությունն այլևս սպառված է, այդ հարցն այլևս ապացուցման կարիք չունի:
«Ներկայում, եթե խոսենք եվրասիական ինտեգրացիայի մասին, պետք է խոսել այդ պրոյեկտների կոնկրետ խնդիրների մասին, որոնք կհստակեցվեն և պարզ կդառնան միայն հունվարի մեկից հետո»,- ասաց Կոլերովը՝ շարունակելով, որ Հայաստանի հետ կապված բոլոր նրբությունները և խնդիրները կհստակեցվեն հունվարի մեկից հետո:
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա, նրա խոսքով, տարաձայնություններ կան Բելառուսի և Ռուսաստանի միջև, քանի որ Բելառուսն օգտագործվում է որպես մաքսանենգ տարածք, որտեղից Ռուսաստան են ներմուծվում ռուսական հակապատժամիջոցների տակ հայտնված ապրանքներ: «Բելառուսն Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի, Նորվեգիայի կողմից օգտագործվում է, որպեսզի ՌԴ-ում արգելված նրանց ապրանքը Ռուսաստանում սպառվի Բելառուսի միջոցով: Այս տարաձայնություններն առկա են, բանակցություններ տարվում են, և դա համաձայնեք՝ Պուտինի ելույթում տեղ գտնելիք հարց չէր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի վավերացմանն ու այս հարցում ընդդիմություն-իշխանություն կոնսենսուսին, ընդդիմադիր համարվող գործիչների փորձերին՝ ՌԴ-ին ներկայանալ ավելի լոյալ, քան իշխանությունները, Կոլերովն ասաց, որ ընդդիմության նմանատիպ կոչերը, փորձերը Կրեմլի համար որևէ նշանակություն չունեն:
«Դա նշանակություն ունի միայն Հայաստանի համար, այն բանի համար, թե ինչպես կարելի է հասկանալ՝ որքանով է միակամ բնակչության մեծամասնությունը, այդ թվում՝ քաղաքական: Իմ կարծիքով՝ ընդդիմությունը կատարել է ճիշտ ընտրություն (բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի)՝ հրաժարվելով հակառուսական հռետորաբանությունից և միանալով բնակչության մեծամասնությանը: Հայաստանի հետ կապված գործընթացի առնչությամբ ասեմ, որ կան խնդիրներ, որոնք դառնալու են ավելի ու ավելի տեխնիկական, զերծ քաղաքական դիվիդենդներից, քանի որ Եվրասիական միությունը ՀՀ հասարակ քաղաքացուն մեծ արտոնություններ է տալու, ազատություն՝ աշխատելու ՌԴ-ում: Որքան էլ որ Րաֆֆի Հովհաննիսյանը հիանալի քաղաքական գործիչ լինի, չի կարող դրա փոխարեն այլ բան առաջարկել: Նա կարո՞ղ է 1000-ից ավելի աշխատատեղ առաջարկել քաղաքացիներին: Իհարկե՝ ոչ: Սա է ամբողջ հարցը»,- ասաց Մոդեստ Կոլերովը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը՝ 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ըստ այդ պայմանագրի՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:







































