Թեև վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին հայտարարեց, թե դոլարի արժևորմամբ պայմանավորված՝ գնաճը Հայաստանում կազմում է ընդամենը 5 տոկոս, սակայն խանութներում կատարած մեր շրջայցը բոլորովին այլ տոկոսների մասին է վկայում:
«Վերջին 1-2 օրը թանկանում է ամեն ինչ: Ամեն առավոտ առաքիչները մտնում են խանութ և բերում նոր՝ արդեն թանկացած ապրանք, իսկ մյուսներն էլ զգուշացնում են, որ վաղվանից կթանկանա արդեն ստացած ապրանքը: Թանկացումը 10 տոկոսից պակաս չէ, եթե ոչ՝ ավելի»,-փաստում էին մեր այցելած խանութների մենեջերները:
«Կաթնամթերքը թանկացել է 10 տոկոսի չափով: Օրինակ՝ թթվասերը վաճառում էինք 470 դրամով, հիմա վաճառում ենք 530 դրամով: Թանկացել են ձուն, ձեթը, սառեցված մսամթերքի, ձկնեղենի ողջ տեսականին՝ 100-150 դրամով: Թանկացել է կանադական նրբերշիկը՝ 550 դրամից դառնալով 600 դրամ: «Անկոր» ֆիրմայի կարագը 2900 դրամից դարձել է 3300 դրամ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց խանութներից մեկի մենեջերը:
Վերջինիս խոսքով՝ արդեն իսկ սկսել է թանկանալ նաև տեղական արտադրանքը՝ մակարոնը, հացը, պանիրը, տոմատները, տեղական արտադրության քաղցրաբլիթները և այլ ապրանքներ:
Մենեջերի խոսքով՝ թանկացումների ֆոնին արդեն իսկ գնորդների պակաս է զգացվում: «Իհարկե, պակասել են գնորդները: Եթե նախկինում մարդիկ մտնում էին մեր խանութ և այդ փողով գնում էին 1 կիլոգրամ ինչ-որ ապրանք, ապա հիմա գնում են դրա կեսը»:
«Մենակ իրենց գրպանի մասին են մտածում էս կառավարությունում: Դե արի, երեխաներին բացատրի, որ չնայած Նոր տարի է, դու չես կարող, հնարավորություն չունես ճոխ սեղան գցելու, իրենց ուզածները առնելու: Գոնե երեխաների մասին մտածեն, թե չէ՝ սենց ապրել չի լինի»,- ասաց խանութից դուրս եկած և նոր գներից ապշած մի քաղաքացի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































