Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Հայաստանում մեծ տարածում ունեցող՝ աղջիկ փախցնելու հերթական գործի դատական քննությունը:
Ամբաստանյալի աթոռին 31-ամյա Զավեն Ե.-ն էր՝ ՌԴ քաղաքացի: Աշխատել է Մոսկվայի «Ցար-Գրադ» մանկական սննդի ֆիրմայում՝ որպես ներկայացուցիչ:
Զավենին ամբաստանյալի աթոռին մենակ չէին թողել նրա 35-ամյա քույր՝ Նելլին՝ 3 երեխաների մայր, վատառողջ, ինչպես նաև 21-ամյա եղբայրը՝ Գոռը՝ ֆիզիկապես առողջ, Արմավիրի մարզի բենզալցակայաններից մեկի օպերատոր:
Զավենն այսպես՝ քույր-եղբայրներով կազմակերպել ու ամուսնության նպատակով իրականացրել է իր հավանած աղջկա՝ Հայկուշի (անունը փոխված է) առևանգումը:
Ըստ դատական ակտի՝ Զավենը դեռ 2003 թվականին մեկնել է Ռուսաստան: Դարձել է ՌԴ քաղաքացի, աշխատանք, գրանցում, որոշակի պայմաններ է ապահովել ու, չվստահելով ռուսաստանաբնակ աղջիկներին, 2014 թվականի հուլիսի սկզբին ժամանել է Հայաստան՝ հայ աղջկա հետ ամուսնանալու, ընտանիք կազմելու նպատակով:
Հայաստան հասնելուց մի քանի օր անց Զավենի կյանքում տեղի է ունեցել ճակատագրական հանդիպումը. իր ազգականի խանութում նա հանդիպել է որպես վաճառողուհի աշխատող Հայկուշին, հավանել է նրան ու ցանկացել է հետն ամուսնանալ:
Զավենը երևի շտապում էր, Մոսկվայում աշխատանքը սպասում էր նրան, ժամանակ չուներ «կոնֆետածաղկեփնջային» հարաբերությունների, տևական սիրահետումների և նման այլ մանրուքների համար: Հայկուշն էլ, կիրթ աղջիկ լինելով, նրա հետ սիրալիր էր խոսում, ինչը չմերժվելու հույսեր էր տալիս Զավենին:
Եվ ահա նա, ընտանիք կազմելու գործն արագ գլուխ բերելու ցանկությամբ ընտանեկան «կազմով» խումբ է ստեղծել ու իրականացրել Հայկուշի առևանգումը՝ առանց բանատեղ դնելու, որ դա հանցավոր արարք է ու, միգուցե, անհավանական համարելով, որ իր՝ ՌԴ քաղաքացի, Մոսկվայում ապրող ու աշխատող Զավենի դեմ հայաստանցի աղջկա ծնողները կարող են բողոք ներկայացնել ոստիկանություն:
2014 թվականի հուլիսի 15-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Զավենը մոտեցել է աշխատանքից բարեկամուհու հետ տուն գնացող Հայկուշին:
Զավենը աղջիկների հետ զրուցելով մի քիչ քայլել է, ապա անսպասելիորեն գրկել է Հայկուշին և, անտեսելով աղջկա դիմադրությունն ու օգնություն կանչող բացականչությունները, ապագա կնոջը թևերի մեջ առած՝ հասել է ճամփեզրին կանգնած տաքսուն, որի մեջ նրան էին սպասում քույրն ու եղբայրը:
Վերջինս անմիջապես դուրս է եկել մեքենայից, բացել է հետևի դուռը և օգնել է եղբորը, որ դիմադրող Հայկուշին նստեցնի մեքենա:
Առևանգողները Հայկուշին, նրա կամքին հակառակ, գործով չբացահայտված տաքսիով տեղափոխել են Գեղարքունիքի մարզում բնակվող իրենց մորաքրոջ տուն:
Հայկուշի մայրիկը մի քանի անգամ զանգել է Զավենին, պահանջել է, որ նա հեռախոսը փոխանցի դստերը, բայց, ամբաստանյալ Նելլիի ասելով՝ Հայկուշը չի ցանկացել խոսել մոր հետ:
Գտնվելով իրենց մորաքրոջ տանը՝ առևանգիչներն իմացել են, որ Հայկուշի ծնողները դիմել են ոստիկանություն՝ հայտնելով, որ իրենց դստերը առևանգել է Մոսկվայից ժամանած երիտասարդը:
Այս տեղեկությունը խուճապի է մատնել Զավենին ու նրա հանցակիցներին: Նելլին ուշաթափվել է:
Նրանք մեկ այլ տաքսի են կանչել ու Հայկուշին շուտափույթ հասցրել են Արմավիրի մարզի ոստիկաններին:
Զավենը կալանքի տակ է առնվել, նրա քույր-եղբայրը ստորագրություն են տվել չհեռանալու մասին:
Ոստիկանությունում ավարտված առևանգումը, այնուամենայնիվ, Զավենի ու առևանգված աղջկա համար «հեփի էնդ» է ունեցել:
2014 թվականի հոկտեմբերի 6-ին կալանքի տակ գտնվող Զավենը և ազատության մեջ գտնվող Հայկուշը օրինական կարգով գրանցել են իրենց ամուսնությունը և, արդեն փոխադարձ համաձայնությամբ, ընտանիք են կազմել:
Այնպես որ, ընդհանուր իրավասության դատարանում իրեն լիովին մեղավոր ճանաչելով՝ Զավեն Ե.-ն խնդրել է իրենց նորաստեղծ ընտանիքը չքայքայել, իրենց ներել ու նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ:
Նույնը դատարանին խնդրել է նաև նորահարս Հայկուշը:
Ընդհանուր իրավասության դատարանը նորաստեղծ ընտանիքը չի քայքայել, բայց միաժամանակ իր դատավճռով աղջիկ փախցնողներին մեկ անգամ ևս հիշեցրել է, որ դա լուրջ հանցագործություն է, որի համար լուրջ պատիժներ են նախատեսված օրենքով:
Զավեն Ե.-ն, նրա քույր Նելլին ու եղբայր Գոռը դատապարտվել են 4-ական տարի ազատազրկման, միևնույն ժամանակ նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու յուրաքանչյուրի համար սահմանվել է 2 տարի փորձաշրջան:








































