Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը կնոջ` դքսուհի Քեթրինի հետ Լոնդոնից առաջին պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնել, որտեղ առաջիկա երկուշաբթի օրը նրանց Սպիտակ տանը կընդունի երկրի նախագահ Բարաք Օբաման: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Բուքինգհեմյան պալատին:
«Ուիլյամը և Քեյթն այսօր Նյու Յորք կժամանեն` «Քեմբրիջի դքսի ու դքսուհու և արքայազն Հարիի արքայական հիմնադրամի ամերիկյան ընկերներ» բարեգործական կազմակերպության հրավերով»,- ասել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը: Նա նշել է, որ մեկուկեսամյա Ջորջը Լոնդոնում է մնացել:
Մեծ Բրիտանիայում Քեյթի և Ուիլյամի այս այցին մեծ նշանակություն են տալիս: «Այն կոչված է ԱՄՆ-ում ներկայացնել Վինձորների դինաստիայի ներկայացուցչին, ով գահ կբարձրանա առաջիկա տասնամյակներին»,- ասվում է հաղորդագրությունում:







































