Գալիք նախագահական ընտրություններին Կոտայքի մարզի Գառնի գյուղի ԲՀԿ-ական գյուղապետ Աշոտ Վարդանյանը պաշտպանելու էՀանրապետականկուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գառնի գյուղի ԲՀԿ-ական գյուղապետ Աշոտ Վարդանյանը:
«Ես պաշտպանելու եմ ՀՀ գործող նախագահի շահը: Ես ինքս հանդես չեմ գա որպես կուսակցական, ես երկրի նախագահի կողքին եմ: Միանշանակ այդպես է լինելու»,- հստակեցրեց գյուղապետը՝ հավելելով, որ իրեն ԲՀԿ որոշումը հետաքրքրում է, բայց այսօր ինքը կլինի նախագահի կողքին, քանի որ պետական մարմին է և պաշտպանում է պետության շահը:
Մեր հարցին` ԲՀԿ-ն տեղյա՞կ է իր որոշման մասին, պատասխանեց` դա ազատ իրավունք է, կուսակցությունն ի՞նչ կապ ունի:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք չէ՞ր ցանկանա, որ գալիք նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն նախագահի սեփական թեկնածու առաջադրեր, պատասխանեց. «Ես որոշում կայացնող չեմ, որոշում կայացնողը կուսակցության նախագահն է, ես այսօր պաշտպանում եմ Հանրապետական կուսակցության թեկնածու ՀՀ նախագահին. ընտրություններում միշտ էլ իր կողքին եմ եղել: Ես իմ գյուղով եմ ապրում և պաշտպանում եմ պարոն Սարգսյանի շահը»:








































