Ռումինական լրատվամիջոցները հաստատում են«Արմենպրես»–ի տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն կանչվել է Բուխարեստ` բացատրություններ տալու համար: Դեսպանին հետ կանչելու պատճառը նրա կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված անհարգալից և կողմնակալ հայտարարություններն են, որոնք բացահայտ հակասեմական և հոմոֆոբիական բնույթ են կրել:
Չնայած դեսպանն Ռումինիայի արտաքին գերատեսչության պահանջով` ուշացումով հայ ժողովրդից հրապարակային ներողություն պարունակող պարզաբանում է հրապարակել` դիվանագիտական այս սկանդալը նոր զարգացում է ստացել:
Ինչպես հաղորդում է ռումինական «Աջերպրես» ազգային պետական գործակալությունը, Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունն առանձին հայտարարությամբ «խստորեն դատապարտել և քննադատել է ՀՀ-ում այդ երկրի դեսպան Սորին Վասիլեի հակասեմական և այլատյաց հայտարարությունները, ով շտապ կանչվել է Ռումինիայի ԱԳՆ` բացատրություններ տալու համար:
Արտաքին գերատեսչությունն արդեն իսկ հրահանգել է դեսպանին հրապարակային ներողություն խնդրել և ընդգծել է, որ խստորեն դատապարտում է «ցանկացած վարքագիծ կամ արտահայտություն, որը կնպաստի անհանդուրժողականության ու կարծրատիպերի տարածմանը»:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում








































