Այսօր մեկնարկեց արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը նախագահեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Օրակարգում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված` 2013թ. պետական աջակցության միջոցառումների ծրագրի և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր կազմի ձևավորման հարցերն էին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ անցած տարի նոյեմբերին Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը վերանվանվեց Արդյունաբերության զարգացման հիմնադրամ, որի խնդիրներն ու գործառույթները ավելի ընդլայնված են: Հիմնադրամը կլինի ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության ծրագրի կատարման գլխավոր օպերատորը:
Հիմնադրամի ֆոնդը կազմում է 500 մլն դրամ՝ 300 մլն-ը կհատկացվի բյուջեից, 200 մլն-ը` Գյումրու հիմնադրամից: Տ. Դավթյանի խոսքով՝ այս հիմնադրամը վարկավորմամբ չի զբաղվելու, այլ ֆինանսապես աջակցելու է կազմակերպություններին՝ ցուցահանդեսների մասնակցություն և այլն:
«Սա ծախսային կառույց է: Վարկավորմամբ զբաղվում է ունիվերսալ վարկային կազմակերպությունը»,- ասաց Տ. Դավթյանը:
Նախարարը նկատեց, որ նախկինում արդյունաբերության աջակցության համար պետական հատկացումների բացակայությունը քննադատվում էր, իսկ այժմ առաջին անգամ, թեկուզ սահմանափակ միջոցներ տրամադրվեցին, սակայն սա լավ ուղերձ է: Տ. Դավթյանը նշեց, որ հետագայում կհրավիրեն մասնավորին և միջազգային կառույցներին, որպեսզի միջոցներն ավելացնեն, և վստահություն հայտնեց, որ կհասցնեն 10 մլրդ-ի:
Հիմնադրամի նպատակներն են` ինովացիոն ծրագրերի և արդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերի իրականացումն ու համակարգումը, արդյունաբերական կազմակերպությունների մրցունակության բարձրացման աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված երկխոսության և համագործակցության խթանումը:








































